Իրանը փորձում է համաձայնության գալ Օմանի հետ Հորմուզի նեղուցի համար համատեղ մեխանիզմի շուրջ, սակայն ԱՄՆ-ի կողմից Օմանի վրա ճնշումը խոչընդոտում է այդ ջանքերը, այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ «Իրանը չի կատարի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարում իր պարտավորությունները»:
«Ամեն անգամ, երբ մյուս կողմը չի կատարել իր պարտավորությունները, մենք չենք պահպանել մերը… Մենք կշարունակենք գործել այսպես», - ԱՄՆ-Իրան վերջին ռազմական գործողություններից հետո հայտարարել է Իսմայիլ Բաղային:
Արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը շարունակում է բանակցությունները Կատարի, Պակիստանի և Օմանի միջնորդների հետ՝ Միացյալ Նահանգների հետ իր պատերազմի հետագա սրացումը կանխելու նպատակով։
«Միջնորդների դերն է շարունակել լարվածության սրացումը կանխելու իրենց ջանքերը», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժգին հարվածներ են փոխանակել գիշերվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխելու «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»:
Հաղորդվում է, որ ամերիկյան ուժերը մի քանի տասնյակ թիրախների են հարվածել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին, այսօր հաղորդել են պետական լրատվամիջոցները։