Մատչելիության հղումներ

Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկները և կպատասխանի առաջիկա օրերին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դեսպանների հետ հանդիպմանը խոսում է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագրի և տարածաշրջանային զարգացումների մասին, 16-ը հունիսի, 2026 թ.
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դեսպանների հետ հանդիպմանը խոսում է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագրի և տարածաշրջանային զարգացումների մասին, 16-ը հունիսի, 2026 թ.

Իրանն այս պահին քննարկում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ին ավելի վաղ արած իր առաջարկներին՝ Վաշինգտոնի պատասխանը և «առաջիկա օրերին» ԱՄՆ-ին միջնորդների միջոցով կփոխանցի իր պատասխանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Աբբաս Արաղչին ասել է, որ «բանակցային գործընթացը շարունակվում է, և միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակվում»:

«Մենք ներկայացրինք մեր առաջարկը, որն անվանեցինք «յոթօրյա ծրագիր», և լսեցինք նաև ամերիկյան կողմի տեսակետները: Մենք ներկայումս քննարկում ենք ամերիկյան տեսակետները, և կարծում եմ, որ մեր պատասխանը կտանք առաջիկա մի քանի օրերի ընթացքում», - Արաղչիի խոսքերը մեջբերել է իրանական կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցվող հնարավոր համաձայնագիրն նախընտրելի արդյունքը չէ, նաև նշել, որ պատերազմը կավարտվի շուտով։ Դոնալդ Թրամփը նաև ասել էր, Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը բանակցում է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ, «շատ լավ է անում իր գործը»:

«Նա աշխատում է Իրանի հետ գործարքի վրա և շատ լավ է անում իր գործը։ Կարծում եմ՝ գործարքն իրականում այն չէ, ինչ ես ուզում եմ անել, բայց նրանք պատրաստ են մեզ ամեն ինչ առաջարկել՝ [պատերազմը] կանգնեցնելու համար», - ասել էր Թրամփը Սան Անտոնիոյում (Տեխաս) կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային էլ հայտարարել է, որ Օմանը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ տարանցիկ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով։



«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջողությամբ է ընթանում: Բացի Հորմուզի նեղուցում անվտանգ երկկողմանի երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ համաձայնությունից՝ երկու կողմերն էլ համաձայնության են եկել այն մասին, թե ինչպես է այս հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը:

Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում: Սակայն այն միևնույն ժամանակ միջազգային նավարկության համար է կիրառվում: ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի 37–44-րդ հոդվածներով նման նեղուցներում գործում է տրանզիտային անցման (transit passage) հատուկ ռեժիմ։ Այդ ռեժիմը նշանակում է, որ տարածքային ջրերի կարգավիճակը չի վերանում, բայց միջազգային նավերը և օդանավերը ունեն նեղուցով անցնելու հատուկ իրավունք, և առափնյա պետությունները չեն կարող պարզապես դադարեցնել այդ անցումը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG