Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ին պատկանող վաղ նախազգուշացման ռադարի՝ ի պատասխան Իրանի Սիրիկ քաղաքում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա ավելի վաղ տեղի ունեցած հարձակման:
«Սա լուրջ նախազգուշացում է ագրեսոր թշնամուն՝ դադարեցնելու իր օդային սադրանքները և նավթի մաքսանենգությունը Հորմուզի նեղուցում։ Եթե այս խախտումներն ու ագրեսիայի գործողությունները կրկնվեն, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը լիովին պատրաստ են անսահմանափակ գործողություններ սկսելու»,- հաղորդել է իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։
Իրանական պաշտոնական աղբյուրները, ըստ պետական IRNA լրատվական գործակալության, հայտնել են, որ Հորմոզգան նահանգի հարավային նավահանգստային Սիրիկ քաղաքը հինգշաբթի հարձակման էր ենթարկվել «թշնամու կրակից»։
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների միջոցով բանակցությունները փաստացի փակուղում են: Նախագահ Թրամփը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ։ Թեհրանն էլ պնդում է, որ բանակցությունների օրակարգը կորոշի միայն իր յոթ պայմանների ընդունումից հետո։ Բացի դրանից՝ Իրանը չի համաձայնում երկրից հանել հարստացված ուրանը։ ԱՄՆ-ն պահանջում է, որ միջուկային ծրագրի սահմանափակումները ներառվեն համաձայնագրի սկզբնական փուլում։
Իսկ այս ընթացքում պահպանվում է լարվածությունը Հորմուզի նեղուցում, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակումը, իսկ Իրանը շարունակում է սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Վերջին շրջանում երկու կողմերն էլ հաղորդել են նավերի վրա հարձակումների և պայթյունների մասին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ նեղուցով նավագնացության ծավալը նախապատերազմյան մակարդակից մոտ 65 տոկոսով ցածր է: