Իրանը հայտնել է, որ Հորմուզում 4 նավթատար է պայթել ականի վրա

Հորմուզի նեղուցում նավ է այրվում, 21-ը նայեմբերի, 2026թ.
Հորմուզի նեղուցում նավ է այրվում, 21-ը նայեմբերի, 2026թ.

Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում չորս նավթատար նավ է պայթել ականների վրա, հայտնում է Aljazeera-ն:

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ երկու խոշոր նավթատար նավեր Հորմուզի նեղուցում ծովային ականների են բախվել (...): Իրանի ռազմածովային ուժերն իր հերթին հայտարարել է, որ ևս երկու նավթատար նավ պայթել է ականների վրա նեղուցի հարավային մասում», - հաղորդում է «Ալ Ջազիրան»:

Նշվում է, որ առաջին երկու տանկերներն ուղևվորվում էին «ԱՄՆ կենտրոնական հրամանատարության աջակցությամբ»։ Մյուսները պայթել են ականների վրա, երբ փորձել են հատել նեղուցը Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղիով։

ԻՀՊԿ-ն բազմիցս զգուշացրել է Օմանի մոտ Հորմուզի նեղուցից հարավ անցնող ծովային երթուղու օգտագործման վտանգների մասին և ընդգծել, որ ջրերը մնում են Իրանի զինված ուժերի հսկողության և լիակատար վերահսկողության տակ։

Պատերազմի առաջին իսկ օրերից Իրանը փակել է Հորմուզի նեղուցը «ոչ բարեկամանական երկրների» համար: ԱՄՆ-ն էլ շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ: Թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը:

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են անուղղակի շփումները՝ հիմնականում Կատարի միջնորդությամբ։ Վերջին օրերին դիվանագիտական ակտիվություն է նկատվում, բայց պաշտոնական բանակցությունների վերսկսման կամ հնարավոր համաձայնության մասին դեռ խոսք չկա։

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ըստ Axios-ի, Բեռլինում հանդիպել են Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Իրանի հետ բանակցությունների և միջնորդական ջանքերի շուրջ։ Նույն օրը Կատարի պատվիրակությունն այցելել է Թեհրան և շուրջ երկու ժամ բանակցել իրանցի պաշտոնյաների հետ, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էլ նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Կատարն ու Պակիստանը շարունակում են միջնորդական ջանքերը, և որ Թեհրանը պատրաստ է քննարկել իր առաջարկները։

​
XS
SM
MD
LG