Մատչելիության հղումներ

Իրանում «կատաղի պայքար» է ընթանում հոգևոր առաջնորդի նկատմամբ ազդեցության համար․ NYT

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո քաղաքական ուժերի միջև հրապարակային անհամաձայնությունները վկայում են երկրի ղեկավարության ներսում ավելի խորը պառակտման մասին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի չորս բարձրաստիճան պաշտոնյայի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու ներկայացուցչի։

Ըստ պարբերականի՝ տարբեր քաղաքական խմբավորումներ «կատաղի պայքարի» մեջ են նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի նկատմամբ ազդեցության համար, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը։ Եթե Իրանում հիմնական դիմակայությունը նախկինում կենտրոնացած էր պահպանողականների և բարեփոխիչների միջև, ապա այժմ պառակտումը տարածվել է նաև պահպանողական ճամբարում, նշում է թերթը։

The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ հիմա առաջատար դիրք է զբաղեցնում ավելի պրագմատիկ խումբ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի ավագ հրամանատարներ, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ Թերթի աղբյուրների համաձայն՝ հենց այս խումբն է ապահովել հրադադարը և սկսել բանակցություններ ԱՄՆ-ի հետ, մինչդեռ կոշտ գծի կողմնակիցները դեմ են Վաշինգտոնին ցանկացած զիջման։

Թերթը նշում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր հուղարկավորության արարողությանը Թեհրանում՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրեն։ Աղբյուրների համաձայն՝ նրա բացակայությունն էլ ավելի է մեծացնում երկրի նոր ղեկավարության շուրջ անորոշությունը։

Իր հերթին The Washington Post-ը նշում է, որ Ալի Խամենեիի մահը չի թուլացրել Իրանի ղեկավարությանը, այլ հանգեցրել է անվտանգության ուժերի անդամների, առաջին հերթին՝ ԻՀՊԿ-ի ազդեցության ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, թերթի տվյալներով՝ քաղաքացիական քաղաքական գործիչները, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, երկրորդ պլան են մղվել։


XS
SM
MD
LG