Մատչելիության հղումներ

ImpactStories

Ոչ մի տեղ անվտանգ չէ. ինչպե՞ս են Իրանն ու Ռուսաստանը թիրախավորում իրենց վտարանդի թշնամիներին

Իլյուստրացիա
Իլյուստրացիա

Մարտի սկզբին՝ հինգշաբթի կեսօրին մոտ, Միլադ Փուրթալեբիանը տուն վերադարձավ և տեսավ, որ իր բնակարանը կողոպտել են ու թալանել: Այնուհետև նա նկատեց մի սարսափելի դետալ, որը ենթադրում էր, որ դա կողոպուտ չէր. նրա բեյսբոլի գլխարկը՝ «Իրանը կրկին լավը դարձնենք» գրությամբ, խոհանոցային մեծ դանակով ամրացված էր պատին:

Փուրթալեբիանն Իրանի քաղաքացի է, որը 2024-ին Կանադա ժամանելուց ի վեր ընդդիմադիրների մասնակցությամբ հանրահավաքներ է կազմակերպում Սասկաչևան նահանգի Սասկատուն քաղաքում, որտեղ հաստատվել է։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց մի քանի օր անց տեղի ունեցած ներխուժմանը հաջորդեցին առցանց տիրույթում 32-ամյա տղամարդու հասցեին ուղղված մի շարք սպառնալիքներ, որոնք կապված էին նրա գործունեության հետ։ Նա անմիջապես միջադեպի մասին հայտնել է տեղի ոստիկանությանը՝ ասելով, որ իրեն թիրախավորել են քաղաքական պատճառներով։

Փուրթալեբիանը լուսանկարվում է Իրանի վտարանդի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի դիմանկարի հետ։ Նա ասում է, որ Փահլավիին իր աջակցությունը նրան թիրախ է դարձրել։
Փուրթալեբիանը լուսանկարվում է Իրանի վտարանդի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի դիմանկարի հետ։ Նա ասում է, որ Փահլավիին իր աջակցությունը նրան թիրախ է դարձրել։

«Սկզբում այս միջադեպն ինձ իսկապես վախեցրեց, - «Ազատություն» ռադիոկայանին ասել է՝ հավելելով, որ այդ ժամանակվանից ի վեր հաղթահարել է այդ զգացումը,- Որոշեցի թույլ չտալ, որ վախը խանգարի ինձ՝ արտահայտելու իմ քաղաքական հայացքները։ Ես մտածում եմ ազատության համար պայքարում զոհված հազարավոր իրանցիների մասին»։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին Փուրթալեբիանի

տրամադրած լուսանկարներից, ոստիկանական փաստաթղթերից և սոցցանցերից արված էկրանակադրերից պարզ է դառնում, որ չնայած Իրանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվելուն՝ երկրի անվտանգության ծառայությունների ձեռքը դեռ կարող է հասնել նրան:

Telegram-ում արված մի հրապարակում նրան դատապարտում է «քաղաքական հաստատության դեմ քարոզչական գործունեության» և «Ամերիկայի ու սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակմանն» աջակցելու համար։

Հրապարակման վերջում նշվում է. «Այս մարդն ապրում է Սասկատունում: Մենք նրան գտանք մի քանի ամիս առաջ և մեր ուղերձը նրան ենք փոխանցել՝ իր իսկ տանը»:

Սա, ասում է Փուրթալեբիան, «հատկապես անհանգստացնող է»։ Նրա բնակարանից ոչինչ չեն գողացել, և ոչ ոք չի ձերբակալվել դրա համար։

Անդրազգային բռնաճնշումներ

Փուրթալեբիանի փորձառությունը կոնկրետ է, բայց, կարծես թե, այն մաս է կազմում ավելի լայն երևույթի, երբ ավտորիտար պետությունները հետապնդում են իրենց հակառակորդներին նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք ապաստան են գտնում արևմտյան ենթադրաբար անվտանգ երկրներում։

Իրանը տասնամյակներ շարունակ սպանություններ և հարձակումներ է իրականացրել, սակայն նրա գլոբալ ճնշումը շատ ավելի մեծ է, քան ֆիզիկական սպառնալիքները։

Factnameh-ը, որը Կանադայում հիմնված փաստերի ստուգման պարսկալեզու ծառայություն է, վերջերս հաղորդել է «Իրանից դուրս մարդկանց զանգվածաբար հետևելու, անձնական տվյալների արտահոսքի և քննադատներին ուղղված կիբեռհարձակումների» աճի մասին։

Այս գործիքների թվում է «Ալաջը»՝ կայք, որտեղ մարդիկ կարող են բողոքներ ներկայացնել և որը, ըստ որոշ տեղեկությունների, պարունակում է մոտ 1600 անհատների մասին ֆայլեր: Ըստ Factnameh-ի՝ Իրանի պետական հեռուստատեսությունը սպառնացել է, որ նշված անձանց «ակտիվները կբռնագրավվեն, հյուպատոսական ծառայությունները լիովին կդադարեցվեն նրանց համար և Ինտերպոլին կարմիր ծանուցագրեր կուղարկվեն» նրանց մասին [անդամ երկրի խնդրանքով տարածվող միջազգային ծանուցում է՝ անձին գտնելու և ժամանակավորապես ձերբակալելու համար՝ հետագայում արտահանձնման նպատակով]: Մեկ այլ գործիք՝ «Գուրկանը» (պարսկերեն՝ «գերեզմանափոր»), հրապարակում է այն մարդկանց անձնական տվյալները, որոնց «դավաճաններ» է համարում:

Անցյալ ամիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների հետախուզական գործակալությունները հայտնեցին, որ Իրանը գլոբալ կիբեռարշավ է սկսել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարեց, որ Heavygram անունով վնասակար ծրագիր է կիրառվել «իրանցի այլախոհների, Իրանի վարչակարգին դեմ լրագրողների և աշխարհի այլ ընդդիմադիր խմբերի դեմ ուղղված չարամիտ կիբեռգործունեություն իրականացնելու համար»։

Իրանը բացառություն չէ արտերկրում քննադատներին հետապնդելու իր ձգտումներում:

Վաշինգտոնում գործող Freedom House կազմակերպության հետազոտությունների և վերլուծությունների տնօրեն Յանա Գորխովսկայան տարիներով ուսումնասիրել է այս երևույթը:

«Մեր տվյալների համաձայն՝ Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը միջազգային բռնաճնշումների առաջին տասնյակում։ Չինաստանը զգալիորեն գերազանցում է մյուս բոլոր կառավարություններին, - «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա,- Այս երեքից Ռուսաստանն ամենադաժան երկիրն է սպանությունների և հարձակումների առումով»։

Ակնառու օրինակներից են Ռուսաստանից փախուստի դիմած Ալեքսանդր Լիտվինենկոյի և Սերգեյ Սկրիպալի թունավորումները Մեծ Բրիտանիայում և ընդդիմադիր ակտիվիստ, մահացած ռուս այլախոհ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա մուրճով հարձակումը Լիտվայում։

«Մի տեսակ պարանոյա»

Սա լուրջ մտահոգություն է առաջացնում Միխայիլ Կլիմարյովի համար: Նա կիբեռանվտանգության ռուս փորձագետ է և Կրեմլի քննադատ, որը Ռուսաստանը լքել է 2022-ին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։

53-ամյա տղամարդը, որն այժմ ապրում է Բեռլինում, ուր համագործակցում է Վոլկովի հետ, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ սպառնալիքի պատճառով իր վարքագծում «մի տեսակ պարանոյա» է նկատել։

«Ես չափից ավելի եմ մտահոգված իմ անվտանգությամբ՝ համենայնդեպս, սովորական, առողջ մարդու տեսանկյունից։ Երբ դրսում եմ լինում, ստուգում եմ՝ արդյոք ինձ հետապնդում են։ Նախքան բնակարանիս դռան բռնակին դիպչելը, զննում եմ այն, քանի որ եղել է դեպք, երբ դռան բռնակը պատած են եղել Նովիչոկ թույնով»,- ասել է նա։

Սակայն Կլիմարյովը նշել է, որ իր առօրյա կյանքի վրա ազդում են նաև մի շարք ավելի փոքր գործոններ՝ ֆիշինգային հարձակումներից մինչև վարչական դժվարություններ, որոնք միասին Մոսկվայի կողմից իր նման մարդկանց դեմ մղվող «հոգեբանական պատերազմի» մասն են կազմում։

Օրինակ, նա չի կարող երկարաձգել իր ռուսական անձնագիրը, որի ժամկետը լրանում է 2029-ին։ Սա կազդի Գերմանիայում նրա բնակության թույլտվության վրա։

«Սա վարչական խնդիր կլինի, և ոչ այնքան հեշտ, որքան կարող է թվալ։ Ինձ փաստաբան պետք կլինի», - ասել է մա։

Կլիմարյովը բացատրել է, որ ինքը Գերմանիայում ապաստան չունի և չի ցանկանում դիմել դրա համար, քանի որ դա կնշանակեր, որ չի կարողանա շարունակել ղեկավարել իր բիզնեսը, որտեղ 20 մարդ է աշխատում։

Կլիմարյովը պնդում է՝ չնայած Կրեմլի ճնշմանը՝ ինքը զոհ չէ. «Ես բանտում չեմ։ Ես կարող եմ ապրուստ վաստակել»։
Կլիմարյովը պնդում է՝ չնայած Կրեմլի ճնշմանը՝ ինքը զոհ չէ. «Ես բանտում չեմ։ Ես կարող եմ ապրուստ վաստակել»։

Ճանապարհորդությունը մեկ այլ խնդիր է։ Ռուսաստանը նրան ներառել է ահաբեկիչների ցուցակում, ինչը կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած սահման հատելիս։ Նա հիշեցրել է, որ վերջերս Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության ժամանակ «ինքնաձիքով և շնով» մի սպա իրեն դուրս է հանել նստեցման հերթից և 30 րոպե հարցաքննել։

Արտահանձնման ռիսկը նշանակում է, որ նա պետք է զգույշ լինի, թե որ երկրներ է այցելում:

Ռուսաստանում Կլիմարյովը նաև գրանցված է որպես օտարերկրյա գործակալ և պետությանը պարտք է մոտ 1 միլիոն դոլար տուգանք, որն իշխանությունները սահմանել են քաղաքական պատճառներով, ինչպես ինքն է պնդում։

Շատ դեպքերում նա չի կարողացել լուծել հայրենիքում կուտակված վարչական իր խնդիրները, քանզի նրա ռուսական հեռախոսահամարն արգելափակել են, ինչի հետևանքով նա չի կարողանում առցանց շփվել իշխանությունների հետ կամ մուտք գործել իր ռուսական բանկային հաշիվներ։

Կլիմարյովն ասում է, որ հեռախոս չի օգտագործում, եթե դա չեն պահանջում գերմանական իշխանությունները, և իր հեռախոսահամարը չի տալիս որևէ մեկին՝ վախենալով հաքերային հարձակումից։ Նա օգնում է այլ ռուսների, որոնք տուժել են ֆիշինգային հարձակումներից, և ասում է, որ մի անգամ ինքն էլ քիչ էր մնում դրանցից մեկի զոհը դառնար։


«Ես կարողացա կանգ առնել վերջին պահին։ Դա խաբեության աներևակայելիորեն բարդ սխեմա էր», - ասում է նա՝ նկարագրելով իր ընկերության պոտենցիալ հաճախորդ ներկայացող մեկի հետ նամակագրությունը։ Մի քանի շաբաթ տևած շփումից հետո նա քիչ էր մնացել մուտքագրեր Telegram-ով ստացած կոդը, ինչից հետո կարող էր կորցնել հասանելիությունն իր օգտահաշվին:

«Այս ամենը հոգեբանորեն ազդո՞ւմ է ինձ վրա։ Իհարկե ազդում է, - ասել է Կլիմարյով,- Ես դիմել եմ բժշկական օգնության... Ես խուճապային նոպաներ եմ ունենում։ Գիտե՞ք, թե դա ինչ է»։

Չնայած դրան, Կլիմարյովը պնդում է, որ իրեն զոհ չի համարում։ «Շատերի համեմատ լավ վիճակում եմ։ Բանտում չեմ։ Կարող եմ ապրուստս վաստակել»,- ասել է նա։

Սակայն Կլիմարյովը հավելել է, որ այս ճնշումների հետևանքով մտադիր է բժշկական խորհրդատվություն ստանալ՝ իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու համար։ Գորխովսկայան ընդգծում է, որ հենց դա է այդ ճնշումների նպատակը։

«Հսկողություն, ահաբեկում, ընտանիքին ուղղված սպառնալիքներ, թվային սպառնալիքներ՝ այս ամենը մարդկանց ստիպում է առնվազն մեկ անգամ ավել մտածել, թե արդյոք արժե մասնակցել բողոքի ակցիայի, կամ հրապարակային որևէ բան անել», - ասաց նա։

Ըստ Freedom House-ի, նման իրավախախտումներ թույլ տվող մյուս հիմնական պետություններն են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Ռուանդան: Գորխովսկայան նշել է, որ արևմտյան երկրների կողմից զգալի, երկարատև դիմադրությունը հազվադեպ է լինում: Սա բացատրվում է ինչպես նման գործելակերպի ժխտմամբ, այնպես էլ ավելի լայն քաղաքական նկատառումներով:

«Անդրազգային բռնաճնշումների մեղավորները չեն պատժվում արտասահմանում այլախոհներին հետապնդելու համար ... Նրանք միմյանցից սովորում են, որ այս պրակտիկան կարող է շարունակվել», - ասել է Գորխովսկայան։

Փուրթալեբիանը նշել է, թե կցանկանար, որ Կանադան ավելի կոշտ արձագանքեր՝ պնդելով, որ այն «շարունակում է չափազանց բաց լինել Իսլամական Հանրապետության հետ կապված անհատների համար»։

Սասկատունի ոստիկանությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ գործը փակել է, բայց կվերաբացի, եթե «կասկածյալի մասին լրացուցիչ տեղեկություններ կամ նոր ապացույցներ տրամադրվեն»։

XS
SM
MD
LG