Մատչելիության հղումներ

Independent. «Ալի Քերիմլիի համար բանտում ծանրագույն պայմաններ են ստեղծվել»

Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլի, արխիվ
Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլի, արխիվ

Բրիտանական Independent պարբերականի տեղեկություններով՝ Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի համար «իշխանությունները բանտում ծանրագույն պայմաններ են ստեղծել»։

Քերիմլիի դուստրը բրիտանական թերթին պատմել է, որ լեղապարկի քրոնիկ հիվանդությամբ տառապող 61-ամյա իր հորը դադարել են «առողջության համար վտանգ չներկայացնող խմելու ջուր տրամադրել, զրկել են դրսից պարենամթերք ստանալու, գրքեր և թերթեր ընթերցելու հնարավորությունից, ինչպես նաև հարազատների հետ տեսակցություններից և զբոսանքներից»։

Սեզան Քերիմլին նաև նշել է, որ իր հայրը ողջ ամառն անց է կացրել չօդափոխվող խցում, որտեղ ջերմաստիճանը տատանվում էր 30-ից 35 աստիճանի միջակայքում։

«Շաբաթներ շարունակ նա զրկված է եղել բնականոն քնի հնարավորությունից, գոյացած կենցաղային աղբը խցից դուրս չի բերվել մի քանի շաբաթ»,- նշել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդի դուստրը։

Ալի Քերիմլին ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով։ «Մինչ օրս մենք որևէ փաստական ապացույց չենք տեսել, որ կվկայեր այն մասին, որ Քերիմլին ցանկանում էր ուժով իշխանություն զավթեր»,- Independent-ի հետ զրույցում նշել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Գեորգի Գոգիան։


XS
SM
MD
LG