Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս են ուկրաինացիները հրացաններով խոցում հակառակորդի անօդաչուները

Ուկրաինայի Օդեսայի մարզի երկնքում ուկրաինացի հրաձիգն ու օդաչուն ոչ սովորական եղանակով որսում են ռուսական «Շահեդ» անօդաչուները:

Ստանիսլավը սկզբում ստորաբաժանմանը միացել էր որպես օդային հրաձիգ։ Նրա խնդիրն էր՝ հայտնաբերել իրանական արտադրության ԱԹՍ-ները և բաց խցիկից հարվածել հրացանով։ Ստանիսլավը թռչում է խորհրդային շրջանի «Յակ-52» պտուտակավոր ինքնաթիռով։

Սա այնքան էլ այն ինքնաթիռը չէր, որի մասին պատկերացնում էր, բայց միևնույն է, երազանքի իրականացում էր. «Մանկության տարիներին երազանքներն ուրիշ են լինում։ Ես էլ իմն ունեի. թռչել երկինք»։

Երբ 2022-ի փետրվարին Ռուսաստանը սկսեց լայնամասշտաբ ներխուժումը, Ստանիսլավն արտերկրում էր բնակվում։ Նա արդեն ստացել էր օդաչուի վկայական և ծրագրում էր ապագան Ուկրաինայից դուրս։ Հետո պատերազմն ամեն ինչ փոխեց։

«Ես բոլոր հիմքերն ունեի չվերադառնալու, Եվրոպայում մնալու և իմ երջանիկ կյանքը շարունակելու։ Հեշտ չէր, բայց իմ առաջնահերթությունը հայրենիքիս պաշտպանությունն էր», - ասում է Ստանիսլավը:

Ստանիսլավը վերադարձավ Ուկրաինա և որպես հետևակային միացավ զինվորական ծառայության։ Նա մասնակցեց Սումիի մարզի ազատագրմանն ու Բախմուտի պաշտպանությանը։ Չկարողացավ միանգամից ռազմական օդաչու դառնալ, սակայն իմացավ մի նոր ստորաբաժանման մասին, որը թեթև ինքնաթիռներ է օգտագործում ռուսական անօդաչուները որսալու համար։

Շուտով Ստանիսլավը բացահայտեց հնացած օդանավ վարելու առավելությունները. «Մեր գլխավոր առավելությունն, ի թիվս այլ բաների, խնայողությունն է։ Վառելիքի, զինամթերքի, նախապատրաստման համար անհրաժեշտ ժամանակի և շարժունակության խնայողությունը»։

Նրա խոսքով՝ արդյունքն ինքնին խոսուն է. «Մեկ օրվա ընթացքում ինձ հաջողվեց խոցել հակառակորդի 12 անօդաչու, ընդ որում, վեցը՝ մեկ մարտական թռիչքի ընթացքում»։

Ստորաբաժանման կողմից օգտագործվող թռչող սարքերից երեքը ձեռք են բերվել Նիդերլանդներում գործող «Պաշտպանեք Ուկրաինան» կազմակերպության հավաքագրած միջոցներով:

Որպես օդային հրաձիգ, տասնյակ անօդաչու սարքեր խոցելուց հետո՝ Ստանիսլավն ի վերջո հնարավորություն է ստանում ինքը ստանձնել կառավարումը. «Որպես օդային հրաձիգ՝ երկարատև ծառայությունից հետո հրամանատարությունը որոշեց, որ ունեմ համապատասխան հմտությունները, և որոշեց հնարավորություն տալ բարձրանալ երկինք ու դառնալ օդաչու»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG