Մատչելիության հղումներ

«Ինչ տեսել՝ տարել են, երեխաների կասայի գումարն էլ». ինչ են իրավապահները առգրավել Իշխան Սաղաթելյանի տնից

Քննչականից շուրջ 20 հոգով այսօր վաղ առավոտյան մտել են ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն՝ խուզարկել, գումար ու զարդեր են առգրավել:

«Ինչ տեսել են սեղանի վրա...Ընթացիկ գումարներից, էրեխեքի կասերի գումարներից...ինչ պատահել է, ինչ գտել են։ Ապօրինի գործողությունների շղթա է, որ իմ, իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում են այս օրերի կամ այս տարիների ընթացքում»,- նշում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնող Սաղաթելյանի կանխիկ գումարի վրա էլ Դատական ակտերի հարկադիր ծառայությունը երկու ամիս առաջ որոշել է արգելանք դնել, երբ նա այդ գումարը հայտարարագրել է:

Սաղաթելյանի խոսքով.- «Հիմա՝ շունը հայտարարագրել եմ, ուզում եմ հասկանամ՝ ԴԱՀԿ-ն գալու է շանը տանի՞, թե՞ չէ։ Հարցեր ենք տալիս, ասում ենք՝ պատասխանեք, գոնե էդ հարցերին պատասխանեն, բռնում գործն ուղարկում են դատախազություն»։

Պատգամավորն ասում է՝ այս պահանջը բողոքարկել է ու գործի քննությունը դեռ չավարտած, դեռ որոշում չկա, ԴԱՀԿ-ն դիմել է դատախազություն, քրեական վարույթ են նախաձեռնել ու եկել են Իշխան Սաղաթելյանի կանխիկ գումարի հետևից. «Ասում եմ՝ բա էդ կանխիկը, որ ուզում ես, էս երեխեքի վարձն ով է տալու»։

Պատգամավորը պատմում է՝ նույնիսկ երեխաների հավաքած գումարն են խնայատուփերից տարել. «Կասաներում, որտեղ կանխիկ գումար կար, վերցրել են։ Ծիծաղելի է էս ամեն ինչը»։

Գլխավոր Դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի ու նրա ընտանիքի գույքը համարում է ապօրինի, վեց ամիս առաջ դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Սաղաթելյանից ու նրա կնոջից հօգուտ Հայաստանի բռնագանձել մոտ 270 միլիոն դրամ: Հակակոռուպցիոնը Սաղաթելյանի ու իր ընտանիքի անդամների՝ ընդհուպ եղբոր ու նրա կնոջ ունեցվածքի վրա կալանք է դրել:

«Ինձ չեն մեղադրում պաշտոնական դիրքը չարաշահելու, հարկեր թաքցնելու, կաշառք տալու, կաշառք վերցնելու մեջ։ Պարզապես, ինչ կա, չկա, դրել են կալանքի տակ։ Ասում են՝ դե գնա, ապացուցի, որ դա օրինական է։ Հիմա էլ էդ քիչ չի, մի հատ էլ եկել են, ասում են՝ ինչ կանխիկ գումար ունես, էդ էլ պիտի տաս»,- պատմեց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այն գույքն է, որ իր ընտանիքը ձեռք է բերել մինչև 2018 թվականը՝ նախքան 4 ամսով մարզպետ աշխատելը:

Իշխան Սաղաթելյանը 2018-ից առաջ երբեք պաշտոն չի զբաղեցրել։ Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի օգնականն է եղել, իրավապահներն, ըստ Սաղաթելյանի, պահանջում են ապացուցի, որ օգնականի դիրքն օգտագործելով չի գույքը ձեռք բերել:

Սաղաթելյանի խոսքով.- «Ասում են, որ ես եղել եմ պատգամավորի օգնական և իմ դիրքը, հավանաբար, օգտագործել եմ, գույք եմ ձեռք բերել ու 2008 թվականից հետո՝ ինձ, իմ ընտանիքին պատկանող ցանկացած գույք դրել են կալանքի տակ, ասելով՝ գնա, դատարանում ապացուցի, որ դա ապօրինի չէ»։

Ընդդիմադիր պատգամավորի տունը խուզարկելուց ժամեր անց Քննչական կոմիտեն պարզաբանեց՝ ինչ գործի շրջանակում են նրա տնից զարդերն ու գումարն առգրավել: Քննչականը հաղորդում է, որ Իշխան Սաղաթելյանը երկու ամիս առաջ հայտարարագրում նշել է գույք, որ պարտադիր առգրավման ենթակա է: Դրա վրա արգելանք է դրվել: Հարկադիր ծառայության հաղորդման հիման վրա քրեական վարույթ են նախաձեռնել, այսօր էլ խուզարկել են պատգամվորի ու նրա կնոջ մեքնեաները, առգրավել զարդեր ու գումար: Պատգամավորի տնից տարած գումարի չափը չի նշում քննչականը:

Իշխան Սաղաթելյանը Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի երկրորդ համարն է: Նա համարում է, որ իրավապահներն իր տուն են գնացել վարչապետ Փաշինյանի հրահանգով, որ ընտրություններից հետո էլ սպառնում է «ջախջախել» քաղաքական հակառակորդներին: Իշխան Սաղաթելյանին այսօր հարցաքննել են, կնոջն էլ են Քննչական կանչել: Պատգամավորը որևէ կարգավիճակ դեռ չունի։

«Նման քրեական գործերով փորձեն կաշկանդե՞լ, կերակրել իրենց ընտրողներին, չեն հաջողելու։ Սենց բաներով... վաղուց պատրաստ ենք էլի, ամոթ ա»,- նշում է պատգամավորը։

Չնայած դատախազության հիմնավորումներին՝ Սաղաթելյանն իր առնչությամբ գործերը որակում է ապօրինի ու քաղաքական հետապնդում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG