Մատչելիության հղումներ

ՊՆ «Ուրալ»-ի վթարի դեպքով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի


«Ուրալ»-ի՝ չորս զինծառայողի մահվան ելքով վթարի վերաբերյալ վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի՝ 538-րդ հոդվածի 4-րդ մասով «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Վերոնշյալ անձինք, ըստ ՔԿ-ի, կրում էին տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ:

Այս գործի շրջանակներում մեղադրանքներ էին ներկայացվել տրանսպորտային միջոցը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձի։

Ապրիլի 12-ին ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվել հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնեց 4 զոհի։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG