Մատչելիության հղումներ

Իլյա Յաշինը չեղարկել է Հայաստան այցը՝ «ֆիզիկական սպառնալիքների պատճառով»

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր այցի և նախատեսված բոլոր միջոցառումների չեղարկման մասին։ Այս որոշման պատճառը Հայաստան մեկնելու հետ կապված «լուրջ ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքներն են», հայտնել է Յաշինը՝ առանց այլ մանրամասներ նշելու։

«Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Ես չեմ կարող բացահայտել մանրամասները, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, ես չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին», - սոցցանցերում գրել է Յաշինը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Երևան։

Գրառմանը կից վտարանդի գործիչը ինստագրամյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճով տեսանյութ է հրապարակել, որտեղ Զեմֆիրայի «Прости меня моя любовь» երգի ներքո «կոտրված սրտիկ» է ցույց տալիս:

Արդյոք Յաշինը նախապես դիմե՞լ էր Հայաստանի իշխանություններին՝ Երևան գալու համար և արդյո՞ք Հայաստանի իշխանություններն են հորդորել նրան չգալ այստեղ՝ մասնակցելու հակապատերազմական ակցիային. «Ազատությունն» այս հարցերն ուղղել է վարչապետի գրասենյակին, որտեղից միայն հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել:

Ռուս ընդդիմադիր գործիչն այժմ Միացյալ Նահանգներում է, որտեղից էլ պատրաստվում էր ուղևորվել Հայաստան: Այստեղ նա պլանավորում էի մասնակցել «Կեսօր խաղաղ Ռուսաստանի համար» միջոցառմանը և «հանդիպում անցկացնել հակապատերազմական համայնքի հետ»:

«Ես կլինեմ Երևանում և ուղիղ ժամը 12:00-ին կգամ Ռուսաստանի դեսպանատանը գտնվող ընտրական տեղամաս», - 5 օր առաջ սոցցանցում գրել էր Յաշինը. «Մենք ձեզ հետ միասին կձևավորենք մեծ հակապատերազմական հերթ, որպեսզի ցույց տանք մեր անհամաձայնությունը պատերազմին և բռնապետությանը: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև Պուտինն ընտրությունների միջոցով ցանկանում է ցույց տալ առաջնորդի և ազգի միասնությունը, որպեսզի շարունակի պատերազմը: Իսկ մեր խնդիրն է արտահայտել բողոքը և մեր անհամաձայնությունը դարձնել տեսանելի»:

Յաշինը նաև պատրաստվում էր կիրակի երեկոյան Երանում Կինոյի տանը հանդիպել համախոհների հետ. «Կքննարկենք ժողովրդավարական ընդդիմության հետագա ծրագրերը, համատեղ գործողությունները և արտերկրում գտնվող ռուսաստանցիների շահերի պաշտպանությունը», - գրել էր նա:

Իլյա Յաշինին 2022 թվականին դատապարտել են 8 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար։ 2024 թվականի օգոստոսին նա ազատ էր արձակվել կալանավորների փոխանակման շրջանակներում, և լքել էր երկիրը։ 2024-ին արդեն Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ընդդիմադիր գործչի նկատմամբ։

Ինքը Յաշինը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ իր դեմ քրեական նոր գործի մասին, սակայն հավանաբար անաղմուկ քրեական գործ է հարուցվել, որպեսզի եթե ինքը որոշի Ռուսաստան գնալ, հենց օդանավակայանում ձերբակալեն։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG