Մատչելիության հղումներ

Ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց 2022-ին. Փաշինյանը՝ Պուտինին

2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին», - նշել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ սա բերեց այն իրավիճակին, որը ներկայումս հիմա կա ՀԱՊԿ-ի հետ կապված:

«Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- հայտարարել է վարչապետը:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Փաշինյանն այսօր նաև ասել է, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. «Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում»:


XS
SM
MD
LG