Ռազմական ոստիկանությունը վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր է հանձնում Ռուսաստանից ժամանածներին՝ հենց սահմանային անցակետերում, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» Civic.am կայքն է ազդարարում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է այն, ինչ իրենց պաշտոնական կայքն է հաղորդում:
«Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի, էնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չի», - ասում է Պապիկյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ինքնաթիռից իջածներին վարժական հավաքով սպառնալը հոգեբանական տեռոր է:
«Իհարկե, Սուրեն Պապիկյանը չքմեղանալով հերքում է, բայց ամբողջ նպատակը հոգեբանական գրոհն է՝ «Ռուսաստանի հայեր, տեսեք, ով իջավ Երևան, ձեզ տանելու ենք 25-օրյա վարժական հավաքների։ Ուղղակի քարոզչական մանիպուլյացիոն մթնոլորտ ձևավորելու համար արեցին», - ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Որ Ռուսաստանից եկողներին պիտի վարժական հավաքների տանել, արդեն մի քանի օր է իշխանականներն են պնդում՝ արձագանքնելով ավելի վաղ տարածված տեղեկություններին, թե Ռուսաստանից 100 հազար հայ է գալու՝ քվեարկելու Սամվել Կարապետյանի օգտին:
Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ուղիղ պնդում է՝ ընտրակաշառքով քվեարկելու եկածները կներգրավվեն վարժական հավաքներում:
«Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել՝ արդյոք պե՞տք է էդ մարդիկ ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ այո, պետք է ներգրավվեն», - ասում է Տարոն Չախոյանը:
Եթե ըստ վարչապետի աշխատակազմի անդամի՝ ընտրակաշառքով են Ռուսաստանից գալիս, այսինքն՝ օրինազանց են, ինչո՞ւ նրանց իրավապահների մոտ չի ուղարկում, այլ վարժական հավաքի է տանում: Ըստ Գեղամ Մանուկյանի՝ պատճառն այն է, որ այս իշխանությունն ատում է բանակն ու վարժական հավաքի տանելը դարձրել է սպառնալիք՝ քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղություն:
«Վարժական հավաքները այս իշխանությունը արդեն քանի տարվա իրենց հայտարարություններով, գործողություններով դարձրել են պատժի միջոց», - պնդեց դաշնակցական պատգամավորը:
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում «Ազատություն»-ը Մոսկվայից ու ռուսական այլ ուղղություններից ժամանող հայերի հանդիպեց, տղամարդկանցից ոչ ոք սահմանային անցման գոտում ծանուցագիր չէր ստացել:
Օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ, սակայն, երեկվանից հերթապահում են Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, ի՞նչ են անում՝ ասացին՝ ծառայություն: Ի՞նչ ծառայություն՝ Սուրեն Պապիկյանը մանրամասնեց. - «Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հորդորում է արագ հեռացնել ռազմական ոստիկաններին օդանավակայաններից, որտեղից էլ գան Հայաստանի քաղաքացիները՝ ընտրության իրավունք ունեն, ասում է:
«Եվ կռուտիտներ մի արեք, թե բան ա՝ «մենք միշտ էլ, հետախուզվող ենք փնտրում», բան: Ամոթ ա, մի խաբեք մարդկանց», - նշում է Մարուքյանը:
«Պարզ չի՝ էդ մարդիկ եկել են ընտրության, թե չէ, պարզ չի՝ ում են ընտրելու, դուք գլուխ էիք գովում, որ ձեզ են ընտրելու, թող գան, թող գան, և վերջինը՝ որ բանակը ձեր համար բանտ չի, որ ձեր պատկերացումներով՝ մարդ պատժելու համար հավաքների ծանուցագիր տա մարդկանց», - ընդգծում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:
Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ ռազմական ոստիկանների ներկայությունն անցակետերում նույն՝ հոգեբանական գրոհի շրջանակներում է:
«Բագրատաշենում, բոլոր սահմանային անցակետերում որևէ ֆունկցիա չունի ռազմական ոստիկանը, որևէ ֆունկցիա, որովհետև եթե մարդը հետախուզվում է ծառայության հետ կապված, սահմանապահների, ոստիկանների դոսյեներում ինքնաբերաբար կար, և շատ հաճախ էնտեղ մարդիկ ձերբակալվել են», - ասում է Մանուկյանը:
Պատգամավորը նկատում է՝ եթե, այնուամենայնիվ, սպառնալիքներից բացի, Հայաստան եկողները վարժական հավաքի ծանուցագիր ստանան այս օրերին, օրենքի խախտում է. առաջիկա հավաքը հունիսի 9-ից է, ծանուցումները բաժանված են վաղուց:
«Էսօր ով էլ Ռուսաստանից, Մոսկվայից, Ամերիկայից, Ֆրանսիայից ինքնաթիռից իջնի, ժամկետը անցել է, այլևս որևէ մեկին մինչև օգոստոսի կես ծանուցագիր չեն կարող տալ», - շեշտումէ Մանուկյանը:
Միաժամանակ չի բացառում, որ ծանուցում էլ կտան, կտանեն էլ. - «Հայաստանում իշխանությունը այլևս դատարան է, դատախազ է, ԱԱԾ է, Քննչական է, գաղտնալսող է և բոլոր ֆունկցիաները վերցնում է: Մեր հայրենակիցներից շատ-շատերը, որոնք Ռուսաստանում են ապրում, Ամերիկա, Ֆրանսիա, որոնք այս կամ այն պատճառով եկել են հայրենիք՝ ուրախության, տխրության առիթով, բոլորին դիտում են որպես հանցագործ»:
Դեռևս չորս տարի առաջ էր Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման դրել անհնազանդության տարբեր ակցիաներից Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկելու առաջարկը: Այն քննարկվեց, ու Ոստիկանությունն էլ պատրաստակամություն հայտնեց ցուցակներ տալ պաշտպանական գերատեսչությանը: Ընդդիմությունը տարիներ շարունակ ահազանգում է՝ վարժական հավաքներով ու սահման ուղարկելու սպառնալիքներով իշխանությունը հեղինակազրկում է բանակը, վարկաբեկում ծառայությունը: