Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապ Լևոն XIV-ն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում և Ռուսաստանում անմեղ մարդիկ են սպանվում և վիրավորվում՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը։

«Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում», - ասել է պոնտիֆիկոսը:

«Կրկին սրտանց կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները», - հավելել է Հռոմի պապը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 4,5 տարի տևող մարտական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 16,000 քաղաքացիական անձ, որոնց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հուլիսին հայտնել էր, որ տարվա առաջին կեսին Ուկրաինայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորների թիվն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ պայմանավորված անօդաչու թռչող սարքերի հարձակումների թվի աճով։

Միևնույն ժամանակ, Կիևը նույնպես պատասխանում է՝ Ռուսաստանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելով:

ՄԱԿ-ի պաշտոնյան անցյալ ամիս հայտնել էր, որ քաղաքացիական անձինք զոհվում են նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում։

Ուկրաինայի Օդեսայի ծովային նավահանգիստը գիշերվա ընթացքում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ վիրավորներ կան:

Ռուսական կողմն էլ այսօր հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Բելգորոդ քաղաքում հինգ մարդ է զոհվել։

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հերքում են, որ իրենց հարձակումների ընթացքում դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։

XS
SM
MD
LG