Մատչելիության հղումներ

Սպիտակցի Հայկոյի որդին մեղքը չի ընդունում. ընդդիմադիր երիտասարդն ազատ է արձակվել ձերբակալությունից


Հրաչյա Ղևոնդյան։ Լուսանկարը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից
Հրաչյա Ղևոնդյան։ Լուսանկարը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Գիշերն անազատության մեջ անցկացրած Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն, որին Քննչական կոմիտեն մեղադրում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Դատարանը եզրահանգել է՝ բացակայում է մեղադրանքի հիմնավոր կասկածը, այսինքն՝ Ղևոնդյանն իրեն վերագրվող արարքը չի կատարել։

«Ստե մի հատ ելք կա՝ մտնենք Կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողովը գրավենք, մտնենք Ոստիկանության շենքը գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 հոգի մարդ մեռնի, բայց ընգեր, երկիր պահես», - իրավապահները պնդում են՝ այս խոսքերի հեղինակը ընդդիմադիր հայացքներ ունեցող Հրաչյա Ղևոնդյանն է։

Քննչականի տարածած երեկվա տեսանյութում հեռախոսային ձայնագրություն կա. տղամարդը դժգոհում է վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունից ու որպես ելք տեսնում պետական կառույցների շենքեր մտնելը, դրանք գրավելը։ Սա իրավապահները որակել են իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ, որը կարողացել են կանխել։

Ղևոնդյանի փաստաբանը պնդում է՝ ձայնագրությունը մոնտաժված է, ՔԿ խոսնակն արձագանքում է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է՝ ձայնագրությունը մոնտաժված է, համատեքստից կտրված, իսկ իրենց պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել: Ավելին՝ կարծում են ձայնագրությունում իրար են կապվել տարբեր օրերի բառեր։

«Ես հավատում եմ փաստաթղթին, իսկ փաստաթղթում գրված է՝ «ախպերս... գրավենք... Ազգային ժողովը...», և սա նշանակում է, որ ընդհանուր գաղտնալսման ձայնագրությունից վերցվել է ընդամենը մեկ դետալ, այսինքն, ընդհանուր խոսակցությունից վերցվել է մեկ դետալ: Անկեղծ՝ շուրջ մեկ ամսվա ընթացքում, ինձ թվում է, այդքան էլ բարդ չէր համապատասխանող բառ գտնելը», - նշեց Կոչուբաևը:

Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը անհեթեթություն է որակում ձայնագրության՝ մոնտաժված լինելու մասին պնդումները. - «Դա ուղղակի անհեթեթություն է, ինչի մասին ասվում է, կոնկրետ հանցագործություն է: Եթե նման պնդում անողը վստահ է դրանում, ապա թող այդ մասին հաղորդում տա»:

Քննչականը նաև նշում է, որ Ղևոնդյանը միայնակ չի գործել, բայց թե էլ ովքե՞ր են կասկածյալների շրջանակում, իրավապահները չեն մանրամասնում։ Միայն նշում են, որ Ղևոնդյանն իր կամքից անկախ չի հասցրել սկսել այդ գործողությունները։ Ընդ որում, ըստ իրավապահների, նրանք իրենց նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, նաև դիտարկել են Բագրատ արքեպիսկոպոսի՝ մայիսի 26-ի հանրահավաքին այն իրագործել։

Քննչականի տարածած կադրերում Հրաչյա Ղևոնդյանի կողքին երևում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Քննչականից ընդգծում են՝ երկրորդ նախագահի որդուն այս գործը չի առնչվում:

Ղևոնդյանի փաստաբանը պնդում է՝ մայիսի 26-ի հանրահավաքին ընդառաջ այս քրեական գործով պարզապես փորձում են վախեցնել հավաքի մասնակիցներին՝ 10-15 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածներով։ Իրավապահները հերքում են այս մեղադրանքները, շեշտում, որ գործում են բացառապես օրենքի շրջանակներում։

Սպիտակցի Հայկոյի որդու հետ ողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց։

Արդյո՞ք Գլխավոր դատախազությունը կբողոքարկի մի քանի ժամով ձերբակալված երիտասարդին ազատ արձակելու որոշումը, դեռևս պարզ չէ. ընդամենը փոխանցեցին, որ դատական ակտը նոր են ստացել և բողոքարկման մասին հավելյալ տեղեկություն կտան ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG