Հունգարիայի խորհրդարանը բավարարել է վարչապետ Պետեր Մադյարին, ինչպես նաև նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում աշխատած երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազության միջնորդությունը, հաղորդում են հունգարական Index և Telex լրատվամիջոցները:
Մադյարի նկատմամբ գործը կապված է 2024 թվականի հունիսին՝ Եվրախորհրդարան նրա ընտրվելուց երկու շաբաթ անց տեղի ունեցած միջադեպի հետ: Քննության վարկածով՝ Մադյարը խլել է գիշերային ակումբում իրեն նկարահանող տղամարդու հեռախոսը և շպրտել Դանուբ գետը:
2024-ի սեպտեմբերին հունգարական դատախազությունը Եվրախորհրդարանին էր դիմել պատգամավորին անձեռնմխելիությունից դիմելու հարցով, սակայն մերժում էր ստացել: Այս տարվա մայիսին, երբ Մադյարի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, նա պատգամավորի մանդատ ստացավ, և քննությունը վերսկսվել է:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մադյարը խորհրդարանական մեծամասնություն «Տիսա» խմբակցության անդամներին խնդրել է քվեարկել իր անձեռնմխելիությունը վերացնելու օգտին: Նրանց հետ կողմ են քվեարկել նաև «Մեր հայրենիք» խմբակցության պատգամավորները, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:
Օրբանի «Ֆիդես» կուսակցության երկու պատգամավորներից Միկլոշ Շեստակին կասկածում են կաշառառության և այլ հանցագործությունների, Բալաժ Հանկոյին՝ դրամաշնորհների ոչ-նպատակային օգտագործման մեջ:
«Օրենքի առաջ բոլորն են հավասար՝ լինի գործարանի բանվոր, խորհրդարանի պատգամավոր թե վարչապետ: Այսօր այդ դասը յուրացրեցին նախարարները Վիկտոր Օրբանի շրջապատից, որոնք ներգրավված են կոռուպցիայի մեջ: Նա, ով թաքցնելու բան չունի, արդարադատությունից վախենալու պատճառ էլ չունի», - հայտարարել է Մադյարը՝ մեկնաբանելով խորհրդարանի որոշումը: