23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն արդարացրեց իր "Be a Poem"`«Եղի՛ր պոեմ» կարգախոսը՝ կինոն ներկայացնելով որպես կյանքի պոեզիա։
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվեց «Հոսանքները» (The Currents) կինոնկարին։
Մելագրոս Մումենթալերի՝ տեսողական ու ձայնային մինիմալիզմով աչքի ընկնող ֆիլմը դրամատիկ պատմություն է մարդկային փոխհարաբերությունների խորքային հոսանքների, ընտանեկան կապերի ու կորստի ցավի մասին։ Ֆիլմում ջրի հոսքն ու դրա ձայնը դառնում են հերոսների ներքին տագնապի ու ժամանակի անդառնալիության խորհրդանիշ:
Այս անվանակարգի «Արծաթե ծիրանը» ստացավ իրանական «Անցյալ, ապառնի, շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը։ Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի ֆիլմը` հարուստ էսթետիկ և վավերագրական տարրերով, Իրանի պատմական անցուդարձն ուսումնասիրում է անհատի հիշողությունների պրիզմայով։ «Ժամանակը գծային չէ. այն, ինչ տեղի է ունեցել երեկ, դեռ շարունակվում է մեր այսօրվա լռության մեջ», - հնչում է ֆիլմում։
Ժյուրիի հատուկ հիշատակման արժանացած «Լոնդոնը» անդրադառնում է օտարության և մեծ քաղաքում սեփական տեղը գտնելու հուսահատ փորձերին՝ «ամենամեծ մենությունը սեփական լեզվով խոսող մեկին չգտնելն է», - մենախոսում է գլխավոր հերոսը։
«Դուք տեսնում եք իմ քայլերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ պատերազմ է իմ ներսում». - իրանցի ռեժիսոր Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) սոցիալական դրաման
նվաճեց «Տարածաշրջանային մրցույթ» անվանակարգի ոսկին («Ոսկե Ծիրանը»)։
Երևանից երկու մրցանակ հարևան Վրաստան տարավ Ալեքսանդրե Քոբերիձեն իր պոետիկ «Չորացած տերև»-ով (Dry Leaf)՝ նախ՝ «Արծաթե ծիրան», ապա նաև Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ։ Այս ֆիլմում տպավորիչը ոչ թե բառերն էին, այլ խոսուն հայացքները։
«Երբեմն ամենաաղմկոտ երկխոսությունները տեղի են ունենում բացարձակ լռության մեջ»։ Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվեց Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaires) ֆիլմին։ Նույն ֆիլմը ստացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ։ Ֆրանսահայ ռեժիսորի այս աշխատանքը մարդու՝ ինքն իր հետ բարդ հարաբերությունների, մտորումների և սեփական «ես»-ի փնտրտուքների շուրջ է։
Ուրիշների վիշտը սգալու համար մարդ վարձելու հին ավանդույթի մասին էր երիտասարդ ռեժիսոր Օվսաննա Գևորգյանի ֆիլմը։ «Վարձու սգավորներ»-ում (Paid Mourners) ցավի կեղծ ու իրական սահմաններն են էկրան բարձրանում․ այս ֆիլմը «Կորիզ»-ի «Արծաթե ծիրանին» արժանացավ։
Հայ ռեժիսորների շարքում ժյուրին նաև հատուկ հիշատակեց Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերը։ Իսկա Թերեզա Նվոտովայի «Հայրը» արժանացավ Հայաստանում և Վրաստանում ֆիլմի տարածումն ապահովելու համար տրվող 6 հազար եվրո դրամական մրցանակին։
Երեկ Կինոյի տանը փակման արարողությանը ժյուրին ոչ միայն մրցանակ էր շնորհում, այլև ստանում. «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ, իրանցի Մահմուդ Քալարիին:
«Վարպետ» հատուկ մրցանակն իր հետ Հոլիվուդ կտանի ամերիկահայ հայտնի կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանը։ Այս տարի Ռայան Քուգլերի՝ 4 «Օսկար» նվաճած, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Մեղսավորները» հայազգի պրոդյուսերի կարիերայի գագաթնակետն էր։
«Միակ պատճառը, որ ես կինոռեժիսոր եմ այն է, որ ես հայ եմ։
Սրտից եմ ասում՝ որ ցուցադրել եմ իմ ֆիլմերը Հայաստանում, և էս մրցանակը ստանում եմ Հայաստանում, իմ համար ավելի շատ արժեք ունի», - հայտարարեց Օհանյանը:
Փառատոնը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի սյուրռեալիստական «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ և խոստումներով՝ հաջորդ տարի ավելի ընդլայնել համաշխարհային պրեմիերաների աշխարհագրությունը, այլևս պաշտոնապես «A» դասի կարգավիճակով, ասել է թե՝ Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի կողմից աշխարհի 50 լավագույն փառատոների շարքին դասված, արդեն 24-րդ անգամ կինոտոն պարգևել մայրաքաղաքին։