Այսօր Հորդանանի Կարակ նահանգի եկեղեցում հուղարկավորության ժամանակ զինված անձանց արձակած կրակոցներից 7 մարդ է սպանվել, ևս 34-ը վիրավորվել է, հաղորդել է երկրի Հանրային անվտանգության դիրեկտորատի ղեկավարը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Աբդալա ալ-Մաայթան հայտնել է, որ Կարակի Համուդ եկեղեցում կրակոցներից վիրավորվածները դեռ բուժօգնություն են ստանում, և հարձակվողների որոնումները շարունակվում են:
Ներքին գործերի նախարար Մազին Ալ Ֆարայեն հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է «ծայրահեղականների կողմից», սակայն վաղ է ասել՝ արդյո՞ք նրանք կապ ունեն Հորդանանի ներսում կամ երկրից դուրս որևէ հայտնի խմբավորման հետ:
Հարձակման համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:
Հորդանանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում, որն, ամենայն հավանականությամբ, նկարահանել է անվտանգության տեսախցիկը, երևում են եկեղեցու ուղղությամբ կրակող երեք անձինք:
Ականատեսներից մեկը պատմել է, որ հուղարկավորությանը մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում, որոնց վրա կրակել են մի քանի րոպե:
Հորդանանի թագավոր Աբդալան հարձակումից ժամեր անց այցելել է Կարակ և վստահեցրել, որ հանցագործները պատժվելու են «երկաթյա բռունցքով»: Նա ահաբեկչական ակտ է որակել տեղի ունեցածը:
Հորդանանում նման հարձակումներ խիստ հազվադեպ են տեղի ունենում, և երկիրը հարաբերականորեն կայուն է, թեև իշխանությունները հաղորդում են վերջին տարիներին իսլամիստ զինյալների հարձակումների փորձերը պարբերաբար խափանելու մասին:
Քրիստոնյաները Հորդանանում փոքրամասնություն են, երկրում մի քանի աստվածաշնչյան վայր կա, ուր քրիստոնյաներն ուխտի են գնում ամբողջ աշխարհից: