Երևանի կենտրոն համայնքի տեղամասերից մեկում ժամը ուղիղ 8-ին՝ դռները բացվելուն պես ընտրական գործընթացը կանգնեց։ 9/51 տեղամասում ընտրողներն ավելի քան կես ժամ ընտրել չէին կարողանում. մատնահետքով նույնականացում իրականցնող 3 սարքի կտրոնները չէին համապատասխանում մատյանի թվերին, այսինքն՝ կտրոնի թվի դիմաց այլ մարդու անուն էր.
«Ես 60 տարի էդ համարով, էս հասցեով եկել ընտրել եմ։ Հիմա ասում է՝ էս կտրոնը, էս մեքենան քեզ չի համապատասխանեցնում էս ցուցակի հետ։ Մարդկային անտարբերության սխալ է, որ մեկը չի նստել կարգավորի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Երեք սարքի տված կտրոններն էլ չեն համապատասխանում մատյանի թվերին։ Սպասում եմ, ինձ ասել են՝ սպասեմ իրենց հրահանգին, ինձ ասել են՝ սպասեմ ընտրատարածքային տեղամասի նախագահը զանգի ու ինձ ասի՝ ոնց ենք շարունակում, միայն մի որոշում կարող եմ կայացնել, որ թույլ չտամ, այլևս կտրոն վերցնեն, ինչը մենք արել ենք»,- նշում էր ընտրատեղամասի նախագահը։
Ընտրությունների մեկնարկից միայն 39 րոպե հետո՝ ընտրատեղամասի նախագահ Լիլիթ Բզնունին հայտնեց՝ որոշվել է, որ այն մարդիկ, ովքեր արդեն կտրոն ունեն, պարզապես մատյանում գտնեն անուն, ազգանունները և քվեարկեն։
Թվերի և անուն, ազգանունների անհամապատասխանությունը չկարգավորվեց օրվա ընթացքում էլ։
Մայրաքաղաքում «Ազատության» այցելած բոլոր վայրերը մարդաշատ էին, տեղամասերում հերթեր էին։ Որոշ դեպքերում անգամ նույն դպրոցում տեղակայված 2 տարբեր ընտրատեղամասերի հերթերը խաչվում էին։ ԿԸՀ-ի տվյալներն էլ փաստում են, որ ընտրության մասնակցության ցուցանիշը 2021-ի համեմատ բարձր է. մայրաքաղաքում ժամը 5-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 48.52 տոկոսը։
Անվան դիմաց արդեն ստորագրված դեպք, հասցեում այլ անձանց գրանցումներ
Երբ 9/60 տեղամասում մի տղամարդու հերթը հասավ, պարզվեց, որ արդեն նրա անվան դիմաց այլ ստորագրություն կար. «Իմ փոխարեն ստորագրած էր»,- ասաց այդ տղամարդը։
Արձանագրությունը միանագամից կազմվեց, ընտրողի քաղաքացիական պարտքը կատարելու իրավունքն էլ վերականգնվեց։
Նույն ընտրատեղամասում, սակայն, մեկ այլ քաղաքացի՝ Րաֆֆի Գարիբյանը իր հասցեում օտար մարդու անուն գտավ. «Նախկինում հարցն արդեն բարձրաձայնել էի»,- ասում էր Գարիբյանը։
Մեկ այլ կին էլ, 3/27-ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, 4-րդ բնակչին էր գտել իր տանը։
Ի դեպ, սեփական տանն անծանոթ մարդ բացահայտելուց զերծ չմնաց նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն, ազգանունով որևէ մարդ չկա:
«Ազատությունն» օրվա ընթացքում Երևանի մի քանի տասնյակ ընտրատեղամասերում որոշ անախորժություններ էլ նկատեց, որոնք արագ հարթվում էին։
Մասնավորապես 9/51 ընտրատեղամասում ընտրողներից մեկին բոլոր քվեաթերթիկները չէին տվել։ Նա քվեախցից դուրս եկավ ու պահանջեց՝1, 2 և 3 թերթիկները:
Թիվ 9/24 ընտրատեղամասի քվեախցիկներից մեկն այնպես էր տեղադրված, որ նստած տեղից երևում էր, թե ինչպես են քվեարկում քաղաքացիները։ «Ազատության» դիտարկումից հետո նախագահն այն հրեց դեպի պատը:
Խնդիրներ առաջանում էին նաև չիմացության պատճառով. որոշ մարդիկ պարզապես չգիտեին՝ ինչպես վարվել քվեաթերթիկի հետ, ինչպես օգնել տարեցներին։ Ընտրատեղամասում, սակայն, հիմնականում արագ աձագանքում էին խնդրին։
Նյարդային պահերից բացի, ուրախ էմոցիաներն էլ այսօր արձանագրեց «Ազատության» տեսախցիկը. հարսն ու փեսան նախքան հարսանիքն իրենց քաղաքացիական պարտքն իրականացրին։