Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Հայաստանի վարչապետը, իր հերթին, շնորհավորել է Մոդիին Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հնդկաստանի բարեկեցության և զարգացման։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, քննարկվել են Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։