Մատչելիության հղումներ

Հայտնի են քիմիայի, ֆիզիկայի և բժշկության Նոբելյան մրցանակակիրները. ինչ են նրանք հայտնաբերել

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում քիմիայի 2026-ի Նոբելյան մրցանակը շնորհվում է Հենրի Կագանին և Կենսո Սոային, 7-ը հոկտեմբերի, 2026թ. Ստոկհոլմ
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում քիմիայի 2026-ի Նոբելյան մրցանակը շնորհվում է Անրի Կագանին և Կենսո Սոային, 7-ը հոկտեմբերի, 2026թ. Ստոկհոլմ

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է ֆրանսիացի և ճապոնացի երկու գիտնականի՝ օրգանական սինթեզի ոլորտում հայտնագործության համար:

95-ամյա Անրի Կագանը և 76-ամյա Քենսո Սոային կարողացել են գտնել «մեկ դարից ավելի տևած քիմիական առեղծվածի լուծումը» և պատասխանել հարցին, թե ինչպես է առաջացել քիմիական ասիմետրիան կյանքում:

Ըստ հանձնաժողովի՝ նրանց աշխատանքը «որոշիչ դեր է խաղացել» դեղերի սինթեզի վրա աշխատող քիմիկոսների համար` թույլ տալով ստեղծել ավելի ճշգրիտ դեղամիջոցներ և ավելի պարզեցնել դրանց արտադրությունը։

Կենսո Սոային Տոկիոյի գիտությունների համալսարանում մասնակցում է մամուլի ասուլիսի՝ քիմիայի Նոբելյան մրցանակը շահելուց հետո, 7-ը հոկտեմբերի,  2026 թ.
Կենսո Սոային Տոկիոյի գիտությունների համալսարանում մասնակցում է մամուլի ասուլիսի՝ քիմիայի Նոբելյան մրցանակը շահելուց հետո, 7-ը հոկտեմբերի, 2026 թ.

«Ուրվական մասնիկների որսորդը»

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակն էլ այս տարի շնորհվել է ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում աշխատող ֆիզիկոս, ծագումով բելգիացի Ֆրանսիս Հալզենին:

82-ամյա գիտնականն Անտարկտիդայում կառուցել է IceCube կոչվող նեյտրինային դիտարան, որը թույլ է տալիս «որսալ» «ուրվական մասնիկներ» կոչվող նեյտրինոները, որ երկրի վրայով անցնում են առանց հետք թողնելու: Եվ դրանք ֆիքսելը կարող է նոր տեղեկություններ բացահայտել տիեզերքի մասին, որն այլ պայմաններում հասանելի չէ գիտությանը:


Ֆրանսիս Հալզենը 2026 թվականի Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիկայի բնագավառում
Ֆրանսիս Հալզենը 2026 թվականի Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիկայի բնագավառում

Ինքը՝ «ուրվական մասնիկների որսորդը», ասել է, որ այս հաջողությանը հասել է համառ աշխատանքի, տաղանդավոր մարդկանց և պարզապես հաջողության շնորհիվ:

«Այս նախագիծը բազմաթիվ դժվարությունների է բախվել, և ինչ-որ առումով ես բավականին հաջողակ էի, որ ճիշտ մարդիկ հայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տաղանդներով, որպեսզի հաղթահարենք դրանք։ Մի մասը հաղթահարեցինք զուտ բախտի շնորհիվ, բայց սա գիտություն է։ Այն համառության, տաղանդի և բախտի համադրություն է»,- ասել է Ֆրանսիս Հալզենը:

Ուղեղի առանձին բջիջների վերահսկում

Մեկ օր առաջ էլ Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակը շնորհվել էր ԱՄՆ-ից Կարլ Դեյսերոթին և գերմանացի գիտնականներ Պիտեր Հեգեմանին և Գեորգ Նագելին, որոնք ուղեղի առանձին բջիջները վերահսկելու նոր եղանակ են հայտնաբերել:

Կարլ Դեյսերոթը, Պիտեր Հեգեմանը և Գեորգ Նագելը արժանացել են 
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի, 6-ը հոկտեմբերի, 2026թ.
Կարլ Դեյսերոթը, Պիտեր Հեգեմանը և Գեորգ Նագելը արժանացել են Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի, 6-ը հոկտեմբերի, 2026թ.

Հեգեմանը և Նագելը հայտնաբերել են ալիքարոդոպսին կոչվող լուսազգայուն սպիտակուցը: Իսկ Դեյսերոթը և նրա գործընկերները պարզել են, թե ինչպես այն օգտագործել նյարդային բջիջներում:


Պիտեր Հեգեմանը մասնակցում է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսին, 7-ը հոկտեմբերի, 2026 թ.
Պիտեր Հեգեմանը մասնակցում է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսին, 7-ը հոկտեմբերի, 2026 թ.

Երբ Նոբելյան հանձնաժողովից ուշ գիշերով զանգահարել են Դեյսերոթին լուրը լուրը հայտնելու, նա ասել է, որ քնած չէր և աշխատում էր: «Եվ հիմա, կարծում եմ, երկար ժամանակ չեմ կարողանա քնել»,- ասել է գիտնականը։

Ստենֆորդի համալսարանն էլ տեսանյութ է հրապարակել է, թե ինչպես են Դեյսերոթի կոլեգաները նրան շնորհավորում, նաև այն պահը, երբ գիտնականն իր երեխաներին է հայտնում լուրը: «Ես հենց նոր հեռախոսազանգ ստացա, որ Նոբելյան մրցանակի եմ արժանացել»,- ասում է գիտնականը:

Դեյսերոթն ասել է, որ մարդու ուղեղը անհավանականորեն գեղեցիկ, բարդ, միահյուսված բջիջների ամբողջություն է և իրենց հետազոտութունը թույլ է տալիս, ինչպես ինքն է ձևակերպել, «միացնել կամ անջատել» առանձին բջիջներ:

«Եվ ստուգել գաղափարներ, վարկածներ, տեսնել, թե ինչ է պատահում գոյատևման ձգտման հետ, քաղցի կամ ծարավի, ագրեսիայի կամ պաշտպանողականության, ծնողավարության կամ հիշողության հետ։ Եթե դուք գիտեք կարևոր բջիջները, կարող եք ստեղծել դեղամիջոցներ, որոնք ազդում են հենց այդ բջիջների վրա»,- ասել է Կարլ Դեյսերոթը:


Գեորգ Նագելն էլ ասել է, որ անակնկալի է եկել մրցանակի մասին լուրն իմանալիս:

«Ես իսկապես չէի սպասում սրան... Կարծում էի՝ դեռ շատ վաղ է բժշկության մեջ այս մրցանակը ստանալու համար»,- ասել է նա։

Մինչև շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե ովքեր կարժանանան գրականության, տնտեսագիտության և խաղաղության Նոբելյան մրցանակներին:

Նոբելյան մրցանակը կազմում է 11 մլն շվեդական կրոն, մոտ 1,1 մլն դոլար: Եթե այն մեկից ավելի մարդու է շնորհվում, ապա գումարը բաժանվում է նրանց միջև: Գումարի հետ շնորհվում է նաև մեդալ և դիպլոմ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG