Մատչելիության հղումներ

Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ Կարլ Դեյսերոթ (ԱՄՆ), Պիտեր Հեգեման (Գերմանիա) և Գեորգ Նագել (Գերմանիա). 2026թ.
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ Կարլ Դեյսերոթ (ԱՄՆ), Պիտեր Հեգեման (Գերմանիա) և Գեորգ Նագել (Գերմանիա). 2026թ.

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է գիտնականներ Կարլ Դեյսերոթին (ԱՄՆ), Պիտեր Հեգեմանին (Գերմանիա) և Գեորգ Նագելին (Գերմանիա)՝ «լուսազգայուն իոնային անցուղիների և օպտոգենետիկայի վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»:

Ինչպես տեղեկացնում է Նոբելյան կոմիտեն սոցցանցում տարածած հայտարարությունում, Հեգեմանը և Նագելը հայտնաբերել են ալիքարոդոպսին սպիտակուցը, որն ունի եզակի հատկություններ։ Գիտնականները պարզել են, որ անկախ նրանից, թե որ բջջի մեջ է ներարկվում այս սպիտակուցը, այն դառնում է լուսազգայուն:

Իսկ Դեյսերոթը «այս սպիտակուցը վերածել է նյարդային բջիջների համար լույսով կառավարվող անջատիչի»։ Կոմիտեն նշում է, որ մրցանակի դափնեկիրները նյարդաբանության նոր դարաշրջանի հիմքն են դրել։

«Նյարդային ազդանշանները լույսի միջոցով կառավարելու այս մեթոդն այժմ կոչվում է օպտոգենետիկա, և այն արագ համաշխարհային նշանակություն է ձեռք է բերել», - ասվում է հայտարարությունում։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Պետեր Հեգեմանն աշխատում է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, Գեորգ Նագելը՝ Վյուրցբուրգի համալսարանում (նույնպես Գերմանիայում): Կարլ Դեյսերոթը հետազոտություններ է անցկացնում Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում և Սթենֆորդի համալսարանում:

Մրցանակի նախկին դափնեկիրները

2025 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակը շնորհվեց Մերի Է. Բրանկոուին, Ֆրեդերիկ Ռամսդելին և Շիմոն Սակագուչիին՝ պերիֆերիկ իմունային տոլերանտության, այսինքն՝ աուտոիմունային հիվանդություններից և անվնաս հակածիններն ու ալերգենները անտեսելու պաշտպանվելու իմունային համակարգի ունակության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար։

Դրանից մեկ տարի առաջ էլ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացի գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գարի Ռավկանին՝ «միկրոՌՆԹ-ների հայտնաբերման և գեների արտահայտման հետտրանսկրիպցիոն կարգավորման մեջ դրանց դերի» համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG