Մատչելիության հղումներ

Հայաստանը նախատեսում է 2027-ից մասնակցել ԵՄ հարկային և մաքսային համագործակցության 2 ծրագրի

Բավրայի մաքսակետը Հայաստան - Վրաստան սահմանին, արխիվ
Բավրայի մաքսակետը Հայաստան - Վրաստան սահմանին, արխիվ

Հայաստանը նախատեսում է 2027 թվականից մասնակցել Եվրամիության հարկային և մաքսային համագործակցության երկու ծրագրերի՝ Fiscalis-ին և Customs-ին։ Այդ մասին որոշումը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում։

Նախագծի համաձայն՝ մասնակցության համար նախատեսվում է ընդհանուր առմամբ ավելի քան 76 հազար եվրոյի գործառնական վճար մուծել։

Ծրագրերը հնարավորություն կտան Հայաստանին զարգացնել հարկային ու մաքսային վարչարարությունը՝ մասնագիտական համագործակցության, վերապատրաստումների և տեղեկատվական գործիքների միջոցով, ինչպես նաև պարզեցնել միջազգային առևտուրը, առավել թափանցիկ ու կանխատեսելի դարձնել մաքսային ընթացակարգերը։

Պետական եկամուտների կոմիտեն ակնկալում է, որ այս համակարգին միանալը կնպաստի «մաքսային օրենսդրության ու քաղաքականության նախապատրաստմանը, մաքսային համագործակցության խորացմանը, վարչական կարողությունների զարգացմանը»։

«FISCALIS-ին ՀՀ մասնակցությունը հնարավորություն կընձեռի հարկային ծառայությանն արդիականացնել հարկային վարչարարությունը, օգտվել ԵՄ առաջադեմ տեղեկատվական համակարգերից, փոխանակել հարկային տվյալներ այլ երկրների հետ և ուժեղացնել պայքարը հարկային խարդախության ու հարկերի վճարումից խուսափելու և շրջանցելու դեմ», - նշված է Կառավարության որոշման հիմնավորումներում։

Կառավարությունը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ Հայաստանը կամուրջ է հյուսիսի ու հարավի, արևելքի ու արևմուտքի միջև, բայց լիարժեք կամուրջ լինելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ և նորմատիվային համատեղելիություն միջազգային առաջատար համակարգերի հետ։

Հայաստանը միանում է Եվրոպական միության այս ծրագրերին՝ շարունակելով մնալ Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ։ Customs և Fiscalis ծրագրերին Հայաստանի մասնակցության այս որոշման քննարկումներում Հայաստանի վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունը շեշտել է՝ «լրացուցիչ պարզաբանման կարիք կա առաջարկվող կարգավորումների ու Եվրասիական տնտեսական միության պայմանագրի որոշ դրույթների համադրելիության մասով»։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ստորաբաժանումը վկայակոչել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի մաքսային միության գործունեության սկզբունքների, միության մաքսային կարգավորման, ազատ առևտրի ռեժիմի ու միության մաքաային միասնական սակագնի հոդվածները։

Ի պատասխան այս դիտարկումների՝ ՊԵԿ-ը հայտնել է, որ Customs ծրագրից օգտվում են նաև Արևմտյան Բալկանների երկրները, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան։ Ըստ ՊԵԿ-ի՝ Customs ծրագրին մասնակցությունը ինքնին չի ենթադրում ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների փոփոխություն կամ դրանցից շեղում, ԵԱՏՄ-ի մաքսային միության գործունեության, սակագների, առևտրային ռեժիմների փոփոխություններ չեն նախատեսվում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG