Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Փաշինյան

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից», - հայտարարեց Հայաստանի վարչապետը Վրաստանի իր գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

Նա ընդգծեց, որ խորանում է նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը, և այն կառուցվում է արդեն իսկ հաստատված ավանդույթների վրա:

Հայաստանի վարչապետը կարևորեց նաև Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու գործոնը՝ ընդգծելով. «Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է: Ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա: Այստեղ պետք է ուղիղ ասել, որ շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա: Այդ հնարավորություն հույս ունենք, որ կօգտագործվի»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար:

Իրակլի Կոբախիձեն, մասնավորապես, հայտարարել է. - «Ես կրկին անգամ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին` աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը, հատկապես՝ երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու համար` հանձնաժողովի նիստի շրջանակում էլ։ Ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար»։

«Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք և ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք կայունություն ու խաղաղություն տարածաշրջանում: Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի», - Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետը:

Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով Վրաստան է ժամանել նախօրեին: Սիղնաղիում տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ Փաշինյանի և Կոբախիձեի գլխավորությամբ: Հայաստանի և Վրաստանի վարչապետները նաև առանձնազրույց են ունեցել:


XS
SM
MD
LG