Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռուսական ռուբլով կանխիկ գործարքների սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանում կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներով, «Ազատության» հարցմանն այսպես արձագանքեցին Բանկերի միությունից:
Սահմանափակումները, ըստ Բանկերի միության, վերաբերում են Ռուսաստանի տարածքից դուրս գործող, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններին։
Հավելյալ պարզաբանում, թե ինչու է Ռուսաստանը սահմանափակում իր արժույթի՝ կանխիկ ռուբլու ընդունումը, դեռ չկա: Ռուսաստանի կենտրոնական բանկի էջում միայն հասանելի է մայիսի 20-ի մի շրջաբերական՝ կանխիկի միջոցով գործարքներն ավելի մանրակրկիտ ստուգելու վերաբերյալ, որպեսզի կանխվի հնարավոր փողերի լվացումն ու այլ ապօրինի գործունեությունը, որ կարող է իրագործվել կանխիկի միջոցով:
Միևնույն ժամանակ, կանխիկի շրջանառությունը Ռուսաստանում վերջին շրջանում կայուն ավելանում է, «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հունվարից հունիս կանխիկի աճը կազմել է 1.4 տրիլիոն ռուբլի, ինչը վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշն է։ Ըստ ռուսաստանյան պարբերականի՝ կանխիկ ռուբլու քանակն ավելացել է նաև Եվրասիական տնտեսական միության երկրներում, և հենց այդ քանակը կարգավորելու համար են միության երկրների բանկերը բարձր միջնորդավճարներ սահմանում կանխիկ ռուբլի մուտքագրելու համար:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս կարծում է՝ այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանից կանխկի արտահոսքի հետևանքով:
«Սա կախված չէ մեր արտագնա աշխատանքի մեկնողների գործունեության հետ, գումարների հետ, սա ավելի շատ կախված է Ռուսաստանից վերջին ամիսների կապիտալի արտահոսքի հետ, և այդ արտահոսքի դերը կամ դրա ազդեցությունը մեղմելու համար մեր բանկերը այդպիսի քաղաքականություն սկսեցին վարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շարունակելով. - «Անշուշտ նաև այս ընթացքում որոշակի լրացուցիչ եկամուտներ էլ են նրանք ստանում այդ բարձր սակագներից, միջնորդավճարներից»:
Հայաստանում հուլիսի կեսերից արդեն շատ բանկերում կանխիկ ռուբլի մուտքագրելու համար 5-10 տոկոս միջնորդավճար կպահանջեն: Պարսյանը կարծում է՝ հիմա հայաստանցիների համար այս միջնորդավճարները մեծ խնդիրներ չեն առաջացնի, բայց գուցե տարեվերջին, եթե արտագնա աշխատողները որոշեն կանխիկ ռուբլի բերել, կարող են խնդիրներ ունենալ:
«Օրինակ՝ տարեվերջին որոշակի գումար իրենց հետ մեր աշխատանքի մեկնած քաղաքացիները բերում են, այդ ժամանակ կարող է որոշակի խնդիրներ առաջանան: Կարծում եմ՝ այս պահին շուկան մի քիչ տատանումների մեջ է, մինչև տարեվերջ այդ տատանումները ավելի կնվազեն, և նաև ռուսական կողմի էդ սահմանափակումները իրենց ազդեցությունը կթողնեն», - նշեց տնտեսագետը:
Բանկերը մեծ տարբերություն են սահմանել նաև կանխիկ ռուբլու փոխանակման գներում: Եթե անկանխիկ փոխանակման դեպքում տարբերությունը 0.5 դրամ է, ապա կանխիկի դեպքում առքի ու վաճառքի գների տարբերությունը մոտ 1 դրամ է:
Մայրաքաղաքի փոխանակման կետերում, սակայն, տարբերությունը մեծ չէ: Մի քանի փոխանակման կետերում ռուբլի գնում էին մոտ 4.3 դրամով և վաճառում մոտ 4.5-ով: Այդ փոխանակման կետերում ասում էին՝ կանխիկ ռուբլու հետ կապված արտասովոր ոչինչ չեն նկատել:
Փոխանակման կետերից մեկում էլ ասացին, որ եթե կանխիկ ռուբլի էր կուտակվում, իրենք բանկ էին տանում, բայց վերջին ամսվա ընթացքում իրավիճակ է փոխվել. - «Մի ժամանակ մենք տանում էինք բանկերին հանձնում էինք մեր մոտ հավաքված ռուբլին, քանի որ բանկերը շատ ավելի լավ կուրսով էին կարողանում դա ընդունել, մենք իրենց մոտ հանձնում էինք, այսինքն՝ տեղը ունեինք, մեր համար տեղը հայտնի էր՝ դա բանկերն էին: Հիմա երբ որ բանկերը, կոպիտ ասած, արանքից դուրս են գալիս, մենք արդեն պիտի հաճախորդների հետ աշխատենք, որպեսզի հաճախորդի հետ աշխատենք, պիտի մենք ավելի լավ կուրս առաջարկենք»:
Բացատրություն իրենց համար էլ չի հնչել. - «Հիմնական բացատրություն չկա, կա, ոնց որ, իրենց բանկային խնդիրներն են, որ կանխիկը վերցնում են, իրենք կանխիկը տեղավորելու ինչ-որ խնդիր է առաջացել: ... Մոտավորապես մի 15 օր, 20 օր, մի երկու-երեք շաբաթ, կարող է մի փոքր ավելի»:
Բայց հիմա, ասում է «Ազատության» զրուցակիցը, արտասովոր ակտիվություն ռուբլու հետ չկա: Թե՛ գնորդներ կան, թե՛ վաճառողներ, իրենք էլ այնպիսի գին են փորձում սահմանել, որ կանխիկ ռուբլի իրենց մոտ շատ չկուտակվի. - «Հիմա աշխատում եմ օրեկան վերցրած, օրեկան փորձեմ, չգիտեմ, վաճառեմ, կարողանամ իմ մոտ դա հանկարծ չլճանա»:
Հայաստանում կանխիկի ներհոսքի ու արտահոսքի մասով պաշտոնական վիճակագրություն չկա, գոյություն ունի միայն բանկերի միջոցով փոխանցված արտարժույթի վիճակագրություն, որ վարում է Կենտրոնական բանկը: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական ռուբլին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո է սկսել ավելի մեծ ծավալներով փոխանցվել Հայաստան, 2021 թվականի համեմատությամբ 2022-ից սկսած տարեկան միջինը հինգ անգամ ավելի շատ ռուսական ռուբլի է բանկերի միջոցով փոխանցվել Հայաստան: Եթե 2021-ին մոտ 680 հազար դոլարի չափ ռուբլի էր անկանխիկ փոխանցվել Հայաստան, 2025-ին այդ թիվն արդեն 3.7 միլիոն դոլարի չափ ռուբլու է հասել: