Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն ու այն ուղարկելու խորհրդարան՝ վավերացման։
Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա», - նշված է որոշման հիմնավորումներում։
Համաձայնագիրը նաև սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը և այլն։ Համաձայնագրի բուն տեքստը հասանելի չէ։
Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հիմքերը դրվել են 2004 թվականից, իսկ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը կնքվել է այս տարվա փետրվարին։
Սեպտեմբերի 7-ից Լեհաստանում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ում գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի, նաև Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Օգոստոսի վերջին Հայաստանի կառավարությունը նաև որոշել էր հունվարից ռազմական կցորդ ունենալ Լեհաստանում։
Ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում։
Մայիսին Վարշավայում էր Հայաստանի պաշտպանության նախարարը։ Վերջինս հանդիպել էր լեհ պաշտոնակցին, շեշտել ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։