Մատչելիության հղումներ

«Քաղաքացին էքսպերտ չէ»․ հարթ ճանապարհ՝ ընդերքօգտագործմանը․ ՀԿ-ներն ընդդեմ կառավարության

Կառավարությունն առաջարկում է փոխել ընդերքօգտագործման կարգը և այլևս հաշվի չառնել բնակիչների դիրքորոշումը։

Տարածքային կառավարման նախարարության մշակած օրենսդրական փոփոխությանը ծանոթացած բնապահպան Օլեգ Դուլգարյանը պնդում է՝ այն վնասում է ժողովրդավարությանը: Օրենք դառնալու դեպքում բնակիչների դիրքորոշումն ու մասնակցությունը իրենց համայնքին վերաբերող կարևոր հարցերում կանտեսվեն:

«Դա կոնկրետ մեխանիզմ է, որով համայնքը կարողանում է «ոչ» ասել այն գործընթացին, որը համարում է, որ իր համայնքի զարգացման տեսլականին չի համապատասխանում, իրեն օգուտ չի: Այսինքն՝ հիմա առաջարկվում է, որ համայնքի «ոչ»-ը խոչընդոտ չհանդիսանա, որ նախաձեռնողն իր փաստաթղթերը ներկայացնի լիազոր մարմին», - նշեց Օլեգ Դուլգարյանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» գործող օրենքով, եթե որևէ մեկը մտադիր է շահագործել ընդերքը, կատարել ուսումնասիրություններ, առաջին քայլով պետք է ստանա տեղի համայնքի ավագանու թույլտվությունը: Սովորաբար մինչև ավագանու որոշումը լսումներ են անցկացվում, տեղի բնակիչները տալիս են իրենց համաձայնությունը կամ մերժումը, ինչից հետո էլ ավագանին է որոշում կայացնում: Եվ կախված ավագանու դիրքորոշումից` հարցը կա՛մ փակվում է, կա՛մ անցնում հաջորդ փուլ: Նոր փոփոխությամբ, ավագանու որոշումն այլևս վճռորոշ չի լինի, վերջնական խոսքը կանցնի Շրջակա միջավայրի նախարարությանը։

«Այդ ներդրողները դրանք ռիսկային կհամարեն, որովհետև հասկանում են՝ եթե քաղաքացին սահմանափակ հնարավորություններ ունի օրենքով իր ձայնը տեղ հասցնելու համար կամ որոշում կայացնելու համար, այդ քաղաքացին կարող է վաղը ուղղակի կանգնի և՛ ճանապարհներ փակի, և՛ քաղաքացիական ակցիաներ իրականացնի, ուղիղ հարված է բիզնեսին ու նա չի ցանկանալու այնտեղ նեդրումներ կատարել», - ընդգծեց բնապահպանը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում նախագիծը տեղադրվել է երկու շաբաթ առաջ: Ըստ դրա, նախատեսվում է այնպես անել, որ համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունը չդառնա մերժման կամ գործընթացը դադարեցնելու հիմք: Թե ինչո՞ւ են հենց այսպես որոշել կառավարությունում, e-draft-ում չեն բացատրել: Այսօր նախագծի շրջանառության վերջին օրն է:

Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախագիծը դեռ նախնական փուլում է, հանրային քննարկումների արդյունքում կլրամշակվի, հետո կուղարկեն խորհրդարան:

«Հիմնավորում են, օրինակ, որ համայնքի բնակիչը էքսպերտ չի, որպեսզի ինքը հասկանա կամ ավագանին՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Դա հանրային մասնակցում է, երբեք հանրային բոլոր միջազգային փաստաթղթերը չեն ասում, որ համայնքի բնակիչը պետք է լինի էքսպերտ: Համայնքի բնակիչը պետք է այնքանով հասկանա, որ իրեն դա պետք է, թե պետք չէ, կամ այն ռիսկերը, որոնք կարող ենք լինեն, իրեն պետք են, թե չէ», - ասաց Դուլգարյանը:

Տարբեր մարզերում հանրային լսումների մասնակցած ու տեղացիների շահերը պաշտպանող Դուլգարյանը նկատում է՝ ոչ թե բնակիչներն են անտեղյակ, այլ երբեմն բիզնեսն է նրանց ապակողմնորոշում՝ հստակ տվյալներ չներկայացնելով: Ու հիմա մասնագիտական շրջանակներում փաստորեն պնդում են, թե բնակիչը մասնագետ չէ, ուստի նրա կարծիքը կարևոր չէ։

Ինչո՞ւ է իշխանությունը որոշել հաշվի չառնել ընդերքն օգտագործելու հարցում մինչև այժմ որոշիչ ձայն ունեցող համայնքներին: Նախագծին դեմ աշխարհագրագետ Լևոն Գալստյանը պնդում է՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը միշտ էլ ձևական է եղել, իսկ այժմ որոշել են ավելի հարթեցնել բիզնեսի ճանապարհը:

«Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու փորձաքննությունը միշտ եղել է ձևական և շարունակելու է մնալ ձևական, այսինքն, եթե պատվեր կա դրական եզրակացություն տալու, կտան դրական եզրակացություն, պատվեր կա բացասական եզրակացություն տալու, կտան՝ բացասական: Եթե պահանջ չլիներ այդպիսի օրենք ունենալու, այդպիսի օրենք Հայաստանում չէր լինի», - նշեց Գալստյանը:

Մարզերում ընդերքօգտագործման շուրջ հանրային լսումները սովորաբար թեժ մթնոլորտում են անցնում: Ամիսներ առաջ բնապահպաններն ու տեղի բնակիչներն, օրինակ, դեմ արտահայտվեցին Ստեփանավանում ոսկու հանքի բացմանը:

Նույն դիմադրությունն էր եղել նաև Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի գյուղերում: Օրերս էլ Վարդահովիտում էր թեժ անցել. բնապահպաններն ու գյուղացիները դեմ են իրենց համայնքի հողերում երկրաբանական ուսումնասիրությունների երկարացմանը։

Բնակիչների այս ակտիվ մասնակցությունը չեզոքացնող նախագիծը քննադատել է ավելի քան 100 հասարակական կազմակերպություն։ Նրանք կարծում են, որ այն վտանգում է տեղական ժողովրդավարությունը, սահմանափակում ինքնակառավարումն ու էկոլոգիական իրավունքները՝ ի նպաստ ընդերքօգտագործողների։

Քաղհասարակությունը պահանջում է շրջանառությունից հանել նախագիծը: Ընդգծում են՝ հանքարդյունաբերության բացասական հետևանքները կրում են հենց համայնքները, ուստի բնակիչների դիրքորոշումը չի կարող դիտարկվել որպես երկրորդական կամ զուտ խորհրդատվական կարծիք։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG