Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ ռուսական ուժերը գիշերը հարձակում են սկսել՝ օգտագործելով մի քանի տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Հաղորդվում է, որ տուժածների մեծ մասը բեկորային վնասվածքներ է ստացել։ Վնասվել են ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր։
Խարկովում էլ տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ երկու զոհ կա, վիրավորվել է քսաներեք մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան մի տղա։ Վնասվել է բազմաբնակարան շենք:
Ուկրաինայի կողմից գիշերվա ընթացքում իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով էլ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում 5 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական իշխանությունները:
Բելգորոդի մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու բազմաբնակարան շենքերում հրդեհ է բռնկվել, վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղրիմի, Սև ծովի և Ազովի ծովի տարածքներում ոչնչացրել է ավելի քան 150 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Սև ծովի ափին գտնվող Ռուսաստանի խոշոր արտահանման նավահանգիստ Նովոռոսիյսկում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են երկու օբյեկտների վրա, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Կրավչենկոն՝ չնշելով, թե կոնկրետ որ օբյեկտների մասին է խոսքը։