Հանրապետական կոնգրեսականը Փիթ Հեգսեթին պաշտոնանկ անելու նախագիծ է ներկայացրել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Թոմաս Մասսին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթ ներկայացնելու մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել Կոնգրես, հաղորդում է Deutsche Welle-ն:

Երեսունչորս էջանոց նախագիծը ներառում է ութ հոդված, որոնցից երեքը նվիրված են Իրանի հետ պատերազմին: Թոմաս Մասսին Հեգսեթին մեղադրում է առանց Կոնգրեսի թույլտվության պատերազմ սկսելու մեջ։

Փաստաթղթում նաև հիշատակվում են Եմենում ընթացող մարտական գործողությունները, Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավերի վրա ԱՄՆ-ի ենթադրյալ հարվածները և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը։

«Նա [Հեգսեթը - խմբ.] չարաշահել է իր պաշտոնը՝ անտեսելով պատերազմ հայտարարելու լիազորությունների վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերը, առևանգելով օտարերկրյա առաջնորդների և ահաբեկելով Թրամփի վարչակազմի քննադատներին՝ նրանց թիրախավորելով խոսքի ազատության իրենց իրավունքն իրականացնելու համար», - ասել է Մասսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասսին մամուլի ասուլիս է տալիս պաշտպանության նախարար Հեգսեթին իմփիչմենթ ներկայացնելու իր որոշման վերաբերյալ, 9-ը նոյեմբերի 2026թ., Վաշինգտոն, ԱՄՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասսին մամուլի ասուլիս է տալիս պաշտպանության նախարար Հեգսեթին իմփիչմենթ ներկայացնելու իր որոշման վերաբերյալ, 9-ը նոյեմբերի 2026թ., Վաշինգտոն, ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Հեգսեթին աշխատանքից ազատելու նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարը «շատ լավ աշխատանք է կատարել»։

Հեգսեթը Մասսիին անվանել է «լիակատար ձախողակ»։ Պենտագոնում այս հարցի վերաբերյալ երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ էլ Հեգսեթը հայտարարել է, թե իմփիչմենթի ջանքերը «իրեն չեն անհանգստացնում»:

Հեգսեթի իմփիչմենթի հեռանկարը

Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ կքննարկի Մասսիի առաջարկը: Հեգսեթի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար Ստորին պալատում բավարար կլինի պարզ մեծամասնության քվեարկությունը:

Դրանից հետո առաջարկը կքննարկվի Սենատում, որտեղ նախարարին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ կլինի երկու երրորդի մեծամասնություն, հաղորդում է dpa-ն: Սա, ըստ գործակալության, շատ բարձր շեմ է, որը դժվար կլինի հաղթահարել նույնիսկ այն բանից հետո, երբ դեմոկրատները միջանկյալ ընտրություններում վերահսկողություն ձեռք բերեն վերին պալատում:

Մասսին, որը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացնում է Կենտուկի նահանգը Հանրապետական կուսակցությունից, կարևոր դեր է խաղացել դատապարտված սեռական հանցագործ, հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի հրապարակման գործում: Թրամփը սկզբում դեմ էր դրանց հրապարակմանը, բայց ավելի ուշ տեղի տվեց Կոնգրեսի պահանջներին:

Կենտուկիի միջանկյալ ընտրություններում Թրամփն աջակցել է Մասսիի մրցակցին կոնգրեսական նույն տեղի համար պայքարում:

​
XS
SM
MD
LG