Մատչելիության հղումներ

«Համայնքապետարանի աշխատակիցներ ենք, բնականաբար, այստեղ պետք է լինենք». ՔՊ քարոզարշավն Արարատում

Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում են դպրոցական կոլեկտիվը, աշակերտներ, համայնքային այլ աշխատողներ: Հայաստանի և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրոշները ծածանող աշակերտներից պատմեցին՝ դասերը շուտ են ավարտել, որ գան Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:

Աշակերտ- «Դասի էինք, ուղղակի, եկել ենք էստեղ հենց Փաշինյանի համար»։

«Ազատություն».- Այսօր շո՞ւտ եք ավարտել դասերը։

Աշակերտ- «Հա»։

«Ազատություն».- Որ գաք այստեղ դրոշները պահե՞ք։

Աշակերտ- «Հա»։

«Ազատություն»- Քեզ ո՞վ է տվել դրոշը։

Աշակերտ- «Մի մարդ»։

«Ազատություն»- Դասի չե՞ս գնացել այսօր։

Աշակերտ.- «Չեմ գնացել, հիվանդ եմ մի քիչ»։

«Ազատություն».- Բայց այստեղ եկել ես...։

Աշակերտ. «Այո»։

«Ազատություն».- Ուսուցիչները գիտե՞ն, որ շուտ եք դուրս եկել։

Աշակերտ.- «Թույլ են տվել, ասեցին՝ կարող եք գնալ, որովհետև իրենք էլ են եկել, տնօրենն էլ է էստեղ»։

Գյուղի դպրոցի անձնակազմը Նիկոլ Փաշինյանին սպասում էր ժամը 12։30-ից: Ուսուցիչներից մեկն, օրինակ պնդեց, թե ինքն իր ժամերը պարապել, հետո է եկել վարչապետին դիմավորելու, ասաց.- «Աշխատում եմ դպրոցում։ Հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում։ Աշխատանքս ավարտել եմ, ազատ եմ, եկել եմ»։

Իսկ որ դպրոցական անձնակազմն այդ պահին դպրոցում չէր ու սպասում էր վարչապետին, պատմեց մի բնակիչ՝ ցույց տալով, թե կոնկրետ որ հատվածում են նրանք հավաքված: Ուսուցչական անձնակազմից, սակայն հրաժարվեցին խոսել, խուսափելով նաև տեսախցիկների առաջ երևալուց:

Ի տարբերություն նրանց՝ գյուղի մշակույթի տան տնօրենը, որ ինչպես պարզվեց՝ միակ աշխատողն է, աշխատանքային ժամին դռները կողպել և շտապել էր Նիկոլ Փաշինյանին հանդիպելու, ասաց.- «Աշխատանքային ժամ է, ամեն ինչ արել ենք, ինչ պետք է։ Ես միջոցառում էի գրում առավոտից սկսած, բայց հիմա դուրս եմ եկել վարչապետին դիմավորելու»։։

Հավաքվածների շարքերում նաև համայնքապետարանի աշխատակիցներ էին:

«Մենք համայնքապետարանի աշխատակիցներն ենք, բնականաբար, այստեղ պիտի լինենք։ Որովհետև գտնում ենք, որ այդպես պիտի լիներ»,- ասաց հավաքվածներից մեկը։

Իսկ վարչապետն այստեղ հավաքվածներին ողջունեց ծափերով: Հետո արդեն հայտարարեց՝ տպավորություն ունի, թե երկրում կարևոր քաղաքական պրոցես է, առաջնորդողն էլ՝ երեխաներն են:

«Էստեղ էլ աճից պրոցեսի հիմնական առաջնորդողները՝ երեխաները... ես ավելի ու ավելի շատ սկսում եմ անվանել էս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները էս պրոցեսում անընդհատ ներշնչում են՝ ինձ էլ, համոզված եմ ձեզ էլ, համոզված եմ՝ ծնողներին էլ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ շփվելու համար ժամանակ քիչ ուներ, արագ քարտեզները բաժանեց և լսեց միայն մի կնոջ, ում տղան զոհվել է 44-օրյա պատերազմին:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այսինքն՝ Ձեր որդիներից մեկը զոհվել է, կինը արձագանքեց. «Մեկը զոհվել է։ Պարոն Փաշինյան, շատ շնորհակալ ենք խաղաղության համար»։

Արարատի մարզի մի շարք գյուղերում ու քաղաքներում հասցրեց լինել «Քաղաքացիական պայմանագրի» թիմը: Գրաֆիկը խիտ էր, ժամանակը՝ սահմանափակ, բայց Սուրենավանում հյուրասիրությունից վարչապետը չհրաժարվեց. մի քանի րոպե ուներ, սեղանի ուտելիքներից սկսեց օգտվել ավելի շուտ, քան անվտանգության աշխատակիցը կհասցներ նրան մեկնել ձեռքերն ախտահանող հեղուկը:

Երեկոյան Նիկոլ Փաշինյանի թիմը քարոզարշավը կամփոփի հանրահավաքով:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG