Մատչելիության հղումներ

Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը, հասել պատերազմում Ռուսաստանի կորուստների տվյալներին

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ Ռոսստատի տեղեկատվական ռեսուրսները ենթարկվել են կիբեռհարձակումների, որոնք շարունակվում են հոկտեմբերի 29-ից, փաստը հաստատել են գերատեսչության մամուլի ծառայությունում: «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ հաքերները կայքում բելառուսերեն հետևյալ հաղորդագրությունն են տեղադրել. - «Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից»:

Կոտրված կայքում հայտնվել են «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումների լոգոտիպները: Silent Crow-ն հաղորդել է Ռոսստատի «ներքին ՏՏ ենթակառուցվածքի խախտման և ոչնչացման մասին»: Ըստ խմբավորման՝ իրենց հաջողվել է ստանալ այդ թվում «տեղեկատվությունը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ՌԴ ռազմական կորուստներին»:

«Ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքում մեր գտնվելու ընթացքում ներբեռնվել է շուրջ 23 տերաբայթ տեղեկատվություն: Հիմնական ծավալը կազմում են տվյալների բազաները, ներքին փաստաթղթերը, ծառայողական տեղեկատվությունը և տվյալները աշխատակիցների աշխատանքային համակարգիչներից», - ասված է հաքերների հայտարարությունում:

Ռոսստատից РБК-ին փոխանցել են, որ գրոհները մանրակրկիտ նախապատրաստված էին և իրականացվել են միանգամից մի քանի ուղղություններով՝ տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այդուհանդերձ, գերատեսչությունը պնդել է, թե տվյալների բազաների և օրենքով պահպանվող տեղեկատվության արտահոսք չի արձանագրվել:

Ռուսաստանում «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow խմբավորումները «ծայրահեղական կազմակերպություններ» են հռչակված: 2025 թվականի հուլիսին բելառուսցի «կիբեռպարտիզանները» կոտրել էին «Աէրոֆլոտ»-ի ՏՏ համակարգերը՝ մասշտաբային խափանումներ առաջացնելով ռուսաստանյան ավիափոխադրումներում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG