«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Ավետիս Առաքելյանի խոսքով՝ իրենց համակիրների տներում խուզարկություններ են իրականացվել, կան բերման ենթարկվածներ: Նրա տվյալներով՝ Գյումրիում բերման ենթարկվածները 3-4 հոգի են: Առաքելյանն այս գործողությունները որակեց անընդունելի:
Փաստաբան Արտուշ Հակոբյանն էլ լրագրողներին հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի շտաբից ահազանգել են Գյումրիի Նորավան թաղամասում գտնվող իրենց գրասենակի՝ ոստիկանների կողմից շրջափակման և գործողությունների մասին: «Եկել ենք, դուռը գտնվում է փակ վիճակում, և տեղեկություններ չունենք՝ ներսում անձինք կան, չկան, ոստիկանության աշխատակիցները ներսում են, ինչ գործողություններ են կատարում», - փոխանցեց փաստաբանը:
Վայրկյաններ անց դուռը բացվեց, և ոստիկանները մի քանի մարդու ուղեկցեցին դեպի մեքենաները:
«Ահազանգ ունենք, որ ընտրակաշառք են բաժանվում», - լրագրողների հարցին արձագանքեց Խուդինյան ազգանունով իրավապահը: Նա հայտնեց, որ ձերբակալվածները երեքն են: