Երեկոյան կայանալիք հանրահավաքին ընդառաջ վարչապետն ու նրա թիմակիցները այսօր գրեթե ողջ օրը շրջեցին Գյումրիում: Նիկոլ Փաշինյանն ընտրողներին հորդորում էր տեր կանգնել խաղաղությանը, քարտեզներ, թխվածքաբլիթներ էր բաժանում, ու մեկ ու մեջ հարցերի պատասխանում: Գյումրիում նոր ասացվածք լսեց. «Մինչև չպղտորվի, չի զուլալվի»:
Բայց չեն զուլալվում Գյումրիի ընդդիմադիր իշխանությունների ու կառավարության հարաբերությունները: Տեղի պաշտոնյաները պարբերաբար դժգոհում են, որ կառավարության հետ աշխատանքը չի ստացվում, գրություններն անպատասխան են թողնում:
Այնինչ Փաշինյանը հակառակը՝ պնդում էր, թե քաղաքային իշխանություններն են թերանում՝ որպես օրինակ բերելով քաղաքի փողոցների վիճակը: Այս մասին խոսեց, երբ Ամերիկայից վերադարձած մի տղամարդ վարչապետին հորդորեց Գյումրիին լավ նայել:
Փաշինյանը նախքան քարոզարշավի մեկնարկն ու քարոզարաշվի ընթացքում էլ ակնարկում է Գյումրիում իշխանափոխության անհրաժեշտության մասին, բայց թե ինչպես՝ չի բարձրաձայնում: Անցած տարի անգամ ասել էր, թե այժմ կոռուպցիոն մեղադրանքով բանտում գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտել քաղաքական դաշտից. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանից այսօր փորձեցինք ճշտել, թե «Գյումրի 1»-ն ինչպե՞ս են իրականացնելու, ի՞նչ սցենարով:
«Երբ որ ընտրությունները ավարտվեն, կտեսնեք՝ ինչ նկատի ունենք, ինչ էլ լինի բացառապես լինելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքի շրջանակում: Որ Գյումրիում հեղափոխություն չի եղել, դրա մասին բոլորն են խոսում, տասնյակ քաղաքացիներ այսօրվա ու երեկվա մեր հանդիպումների ընթացքում դրա մասին են բարձրաձայնում: Ուզում եմ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքին, որ այնտեղ, որտեղ քաղաքապետարանի գործառույթներն են, թող տեսնեն ինչպիսի խայտառակ իրավիճակ է, այնտեղ, որտեղ կառավարությունը պետք է աշխատանք իրականացնի, ուշադրություն հրավիրեն ու տեսնեն՝ ինչ վիճակ է: Գյումրի եկող բոլոր ճանապարհները հիմնանորոգված են, ահա ինչ է կատարվում Գյումրիի փողոցներում, ակնհայտ է: Այնտեղ, որտեղ քաղաքապետարանը պետք է գործ անի, իրենք չեն անում, որովհետև գործ անել չգիտեն, շահագրգռված չեն գործ անելու, որովհետև գործ անելու համար իշխանություն չեն ստացել», - պատասխանեց Խուդաթյանը:
Իշխանության գալուց կարճ ժամանակ անց հենց Գյումրիում անցկացված կառավարության արտագնա նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հանձնաժողով ստեղծել ու հաշվառել տնակներում ապրող ընտանիքներն ըստ կարգավիճակի: Միայն Գյումրիում տնակում ապրող 2400 ընտանիքի հաշվառեցին: Դրանից հետո 8 տարում 7 ընտանիքի են բնակարանի գնման վկայական տրամադրել ու մի քանի տասնյակ տնակ ապամոնտաժել: Այսօր պարզվեց՝ մինչև 2027 թվականը Գյումրին տնակներից ազատելու խոստումը հետաձգվում է մինչև 2031 թվականը:
Փաշինյանը տնակում ապրող կնոջն այսպես արձագանքեց. «Եթե պետությունն ունի պարտավորություն, կարվի, եթե չունի պարտավորություն, մենք Ձեզ պետք է օգնենք, որ դուք աշխատեք, սեփական աշխատանքով տուն առնեք: 2031 թվին պիտի Գյումրիում դոմիկ չլինի»:
Նիկոլ Փաշինյանը հասցրեց քաղաքի տարբեր թաղամասերում շրջել: Նկարվեց Գյումրիում ուսանող հնդիկների հետ, մի երեխա էլ նկարվելուց հետո Փաշինյանի գլխարկն ուզեց:
Գյումրիի թաղերով շրջելիս, ի տարբերություն, այլ բնակավայրերի, այսօր քաղաքական հայտարարություններ չէր անում, իր քաղաքական հակառակորդների մասին չէր խոսում:
Ըստ ամենայնի հիմնական ասելիքը կհնչեցնի այսօրվա հանրահավաքում: