Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են բռնակցված Ղրիմի վրա։ «Կրիմեներգոն» հայտնել է, որ հարձակման են ենթարկվել էներգետիկ օբյեկտները, որոշ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։
«Թերակղզում անխափան էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է մարտահրավեր լինել։ Էներգետիկներն աշխատում են շուրջօրյա՝ էլեկտրացանցը վերականգնելու համար», - հայտարարել է ընկերությունը։
«Կրիմսկի վետեր»-ը, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել է Նիժնեգորսկի գյուղի խոշոր էլեկտրական ենթակայանի վրա տեղի ունեցած հարվածի մասին: Տելեգրամյան ալիքը ենթադրում է, որ Ղրիմում սա միակ ենթակայանը չէ, որը տուժել է:
«Կրիմսկիյ վետեր»-ի տվյալներով՝ էլեկտրաէներգիա չկա Արմյանսկում, Չեռնոմորսկոե գյուղում, Պերվոմայսկի շրջանի մի շարք գյուղերում, ինչպես նաև Կրասնոգվարդեյսկի և Կրասնոպերեկոպսկի շրջաններում։
Բացի դրանից, աղբյուրը պնդում է, որ հրդեհ է նկատվել Ստրելկովե գյուղի Օստրավայի հանգստի կենտրոնում: Ուկրաինա ռուսական զինուժի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, ըստ ալիքի, ռուսական զորքերն օգտագործել են Արաբատյան ծովախորշի վրա գտնվող պանսիոնատներն ու հանգստի կենտրոնները, որոնք բազմիցս դարձել են ուկրաինական բանակի թիրախը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 330 անօդաչու թռչող սարք է խոցել կամ որսացել ուկրաինական Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Կուրսկի, Տվերի, Լիպեցկի, Օրյոլի, Տամբովի և Աստրախանի մարզերում, Մոսկվայի մարզում, բռնակցված Ղրիմում և Սև ծովի վրա: