Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանն առաջիկայում հրաժարական կներկայացնի։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը՝ նշելով, որ Նագելսմանի հեռացման պատճառը հավաքականի անհաջողությունն էր աշխարհի առաջնության ընթացքում։
Օրերս Գերմանիայի հավաքականը պարտվել էր առաջնության 1/16-րդ եզրափակիչում՝ զիջելով Պարագվայի թիմին։ «Նագելսմանի ճակատագիրը վճռվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Ֆրանկֆուրտում գտնվող կենտրոնակայանում հինգշաբթի օրը կայացած երեքժամանոց դռնփակ քննարկումից հետո»,- տեղեկացնում է Bild-ը։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ կամավոր վաղաժամ հրաժարականի դիմաց Գերմանիայի հավաքականի մարզիչը 7 միլիոն եվրոյի փոխհատուցում կստանա։