Գյումրիում այսօր հեղուկ գազի լցակայանների մեծ մասում գազ չկար, որոշներում լիցքավորիչները պարզապես անջատված էին, մյուսներում էլ թեև անջատված չէին, բայց կրկին գազ չկար: Լցակայաններից մեկում դեռ հնարավոր էր 200 դրամով հեղուկ գազ լիցքավորել:
«Ազատության» տեսախցիկը նույն պատկերն այսօր արձանագրել է Երևանում ու Վանաձորում: Ընդ որում, Երևանում եթե վաճառվում է, ապա Գյումրիից թանկ՝ 230-250 դրամով: Վարորդները փաստում են, որ երեք օրում հեղուկ գազը թանկացել է 30-50 դրամով:
Այսօր նկատվեց նաև բենզինի թանկացում: Լցակայաններում տարբեր գներ էին. ադրբեջանական բենզին ներկրած ընկերությունների լցակայաններում 465- 485 դրամ էր, մյուսներում՝ 500-520 դրամ: Մայրաքաղաքում բենզինի մեկ լիտրը սկսվում է 520-ից, հասնում մինչև 680 դրամի՝ կախված տեսակից: Այստեղ էլ թանկացումը 20-30 դրամով է:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն արդյոք դիտարկում է հեղուկ գազի և բենզինի շուկայում արձանագրված գնաճը՝ կառույցից փոխանցել են. «Բենզինի շուկայում վերջին ժամանակահատվածում գների բարձրացումը պայմանավորված է բորսայում գնի բարձրացմամբ: Տնտեսվարողները հանձնաժողովին տեղեկացրել են, որ բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի փոփոխությամբ: Տեղեկացնում եմ նաև, որ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մշտապես հետևում է բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին»:
Հեղուկ գազի շուկան հանձնաժողովը չի դիտարկում, քանի որ այն մրցակցային են համարում, 180-ից ավելի կազմակերպություն է Հայաստան հեղուկ գազ ներկրում: Էկոնոմիկայի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել վառելիքի շուկայում արձանագրված գնաճը:
Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է հիմնականում Իրանից ու Ռուսաստանից: Ռուսաստանից այս պահին հեղուկ գազի չի մատակարարվում, քանի որ Լարսի անցակետը փակ է: Լարսում գտնվող վարորդներն «Ազատությանը» փոխանցեցին, որ ձնահյուսի վտանգ կա: Թե երբ կվերաբացվի անցակետը, իրենք էլ չգիտեին:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ վառելիքի շուկայում գնաճը 2 հիմնական պատճառ ունի: Առաջինը նավթամթերքի համաշխարհային գնաճն է: Երկրորդն արդեն Հայաստանի ներսում վառելիքի հիմնական ներկրողներն են գին որոշում:
Վառելիքի գնաճը շղթայական թանկացումների կհանգեցնի, համոզված է մասնագետը: Հատկապես գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին դա կազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա:
Այս իրավիճակում, տնտեսագետն ասում է, Հայաստանը պետք է ընդլայնի վառելիքի ներկրման երկրները:
Ամբողջական տարբերակը՝ ռեպորտաժում.