Մատչելիության հղումներ

«Համաս»-ը չի համաձայնում հրադադարի պայմաններին


Գազայում Իսրայելի կողմից իրականացնող գործողությունները շարունակում են նպաստել նախագահ Աբբասի կարողությունների սահմանափակմանը

Մահմուդ Աբասի գլխավորած Պաղեստինի ազգային միասնության կառավարությանը չի հաջողվել համոզել «Համաս»-ին համաձայնել Գազայում հրադադարի պայմաններին, որոնք Եգիպտոսը համաձայնեցրել էր Իսրայելի հետ:

«Համաս»-ը սպառնում է հրթիռային հարձակումները շարունակել այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի Գազայի գոտու շրջափակումը:

Այս խնդիրը նաև դարձել է Եգիպտոսի կողմից իրականացվող միջնորդության փորձաքարը:

Բանակցություններին մասնակցող պաղեստինցի բանագնացների հետ անցկացված հանդիպման ժամանակ նախագահ Մահմուդ Աբասը պարտավորվել է շարունակել սատարել Եգիպտոսի նախաձեռնությունները: Սակայն «Համաս»-ը, որը ի զորու է արձակել կրակի դադարեցման հրամանը, չի վստահում Կահիրեի նոր կառավարությանը, ինչի հետևանքով, ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, պաղեստինցիների առաջնորդի դերը այս գործընթացում կարող է ստվերում հայտվել:

«Վերջ ի վերջո, «Համաս»-ը պետք է որոշումներ կայացնի», - ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆը:

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Գայ Զիվի կարծիքով, Բարաք Օբամայի վարչակազմը ցանկանում է պահպանել նախագահ Աբասի կարևորությունը, քանի որ վերջինս անհրաժեշտ է` Իսրայելի հետ երկարատև որևէ կարգավորման հասնելու դեպքում:

«Երբ, վերջ ի վերջո, Իսրայելի հետ ստորագրվի խաղաղության պայմանագիր, բոլոր պաղեստինցիների անունից հանդես է գալու Պաղեստինյան ինքնավարության առաջնորդը, այս դեպքում` Մահմուդ Աբասը», - ասել է նա:

ԱՄՆ-ի նախկին դեսպան Էդամ Էրելիի համոզմամբ, «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» լուծման ձախողման մեջ զգալի դեր է ունեցել նախագահ Աբասի նկատմամբ Իսրայելի կողմից կիրառվող կոշտ քաղաքականությունը: Էդամ Էրելիի կարծիքով, Իսրայելն արել է ամեն ինչ` Աբբասի հեղինակությունը խաթարելու համար:

«Ամեն անգամ, երբ Աբասը ցանկություն է հայտում բանակցելու Իսրայելի հետ, դա նվազեցնում է նրա վստահելիությունը պաղեստինցիների աչքում» – ասել է դեսպանը:

Գազայում Իսրայելի կողմից իրականացնող գործողությունները, ըստ ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Ստիվ Հայդեմանի, շարունակում են նպաստել նախագահ Աբասի կարողությունների սահմանափակմանը` Իրանի հնարավոր ներգրավման պատճառով:

«Իրանը հույս ունի կրկին ներգրավվել պաղեստինյան ճգնաժամում` «Համաս»-ի հետ հարաբերությունների վերականգնման միջոցով», - նշում է փորձագետը:

Նախագահ Աբասը շարունակում է խորհրդակցությունները Պաղեստինյան ինքնավարությունը սատարող առաջնորդների հետ: ԱՄՆ-ի պաշտոնյաները սակայն կարծում են, որ «Համաս»-ին սատարող Թուրքիան և Քաթարը այնքան էլ շահագրգռված չեն պաղեստինցիների առաջնորդի ջանքերի և Եգիպտոսի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հաջողության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG