Մատչելիության հղումներ

Միասեռական ամուսնությունները ԱՄՆ-ում


Ըստ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորի՝ միայն ժամանակի խնդիր է նման ամուսնությունների թույլտվությունը ամբողջ ԱՄՆ-ում:

Ամերիկյան ևս հինգ նահանգներ՝ Վիրջինիան, Ինդիանան, Ուիսքոնսինը, Օքլահոման և Յութան, կմիանան այն 19 նահանգներին, որոնք արդեն ճանաչել են միասեռական ամուսնությունները:

Սա հնարավոր դարձավ երկուշաբթի օրը Գերագույն դատարանի ընդունած որոշման շնորհիվ, այն է՝ չվերանայել դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հանել է միասեռ ամուսնության արգելքները:

Ըստ Ջորջթաունի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Նան Հանթերի՝ դատարանը ցանկանում է ցուցադրել իր համաձայնությունը հասարակության ու այլ դատական ատյանների արդեն իսկ ընդունած որոշմանը:

Համասեռականների իրավունքների պաշտպանները, սակայն, համարում են սա հաղթանակի կեսը, քանզի ամերիկյան հասարակությունը ներկայացնող բնակչության ընդամենը 60 տոկոսն է ապրում այն նահանգներում, ուր միասեռականների ամուսնությունների շուրջ արգելքներ չկան, այնինչ նրանք ցանկանում են նման ազատությունների առկայություն ամբողջ երկրում:

Հասարակայնության պահպանողական խմբերը դատապարտում են նման թույլտվությունները, որոնք, նրանց համոզմամբ, բերում են ընտանեկան արժեքների հետագա քայքայմանը:

Ըստ Քրիս Գաջեքի՝ այս որոշումը դառնալու է մեծագույն սև բծերից մեկը դատարանի պատմության էջերում: «Եթե իրենք ուզում են վերաբնորոշել ամուսնությունը և պարտադրել մշակութային հեղափոխություն Ամերիկայում, ուրեմն՝ պետք է շատ ջանքեր գործադրեն, որ դա իրենց հաջողվի», - ասում է նա:

Բազմաթիվ իրավաբաններ պնդում են, որ համասեռական ամուսնությունների ճանաչումը անխուսափելի է: Ըստ Նան Հանթերի՝ ամեն ինչ բավականին պարզ է, և միայն ժամանակի խնդիր է համասեռական ամուսնությունների թույլտվությունը ամբողջ ԱՄՆ-ում:

Հասարակական հարցախույզները ցույց են տալիս համասեռական ամուսնությունների օրինականացմանը ամերիկացիների աջակցության աստիճանական աճը: Միաժամանակ, հարցումները վկայում են, որ դրան ընդդիմացողների քանակը կազմում է բնակչության գրեթե կեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG