Ֆրանսիայի ռազմածովային ուժերն այսօր առավոտյան Հնդկական օվկիանոսում կալանել են DF Peak լցանավը, որը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ նավը կալանման պահին գտնվում էր Ռեյունյոն կղզուց ավելի քան 450 ծովային մղոն (ավելի քան 833 կմ) հարավ։ Ենթադրվում է, որ լցանավը գործել է այլ երկրի դրոշի ներքո և ներգրավված է եղել վառելիքի անօրինական տեղափոխման մեջ։ Marine Traffic-ի տվյալներով՝ DF Peak-ը նավարկում է Բենինի դրոշի ներքո։
«Միջազգային ծովային իրավունքի համաձայն իրականացված այս գործողությունը ցույց է տալիս մեր վճռականությունը՝ պահպանել օրենքը և պայքարել անօրինական առևտրի բոլոր ձևերի դեմ, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան», - գրել է Մակրոնը։
Սա Ռուսաստանի «ստվերային նավատորմի» առաջին լցանավը չէ, որը կալանում են ֆրանսիական ուժերը։ Անցյալ տարվա աշնանից ի վեր ֆրանսիացի զինվորականները, իրենց դաշնակիցների հետ միասին, կալանել են Grinch, Boracay, Deyna, Tagor և Deliver լցանավերը։ Հետագայում բոլորն էլ ազատ են արձակվել:
Grinch լցանավը, ինչպես հայտարարել էին Ֆրանսիական իշխանությունները, ազատ էր արձակվել «մի քանի միլիոն եվրո» տուգանվելուց հետո՝ անձնակազմի կողմից Կոմորյան կղզիների դրոշի կեղծ օգտագործումը չհիմնավորելու համար:
VesselFinder-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր նավը չորս անգամ փոխել է իր դրոշը: Ֆրանսիական իշխանությունների կողմից ազատ արձակելուց հետո նավը փոխել է անունը՝ դարձնելով Transformer և այժմ նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո: