Ֆրանսիայի կառավարությունը նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ կշարունակի ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու գործընթացը։
Հուլիսին Ֆրանսիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով 15 տարեկանից փոքր երեխաներին արգելվում էր օգտվել սոցիալական ցանցերից, իսկ ավագ դպրոցներում՝ բջջային հեռախոսներից։
Սակայն այս ամսվա սկզբին երկրի բարձրագույն դատարանը չեղարկել էր սոցիալական ցանցերի վերաբերյալ դրույթը։ Սահմանադրական խորհուրդը, սակայն, չէր անդրադարձել ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելող դրույթին։
Կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Մակրոնը որոշել է ուժի մեջ մտցնել բջջային հեռախոսների արգելքը նախատեսող օրենքը՝ չնայած 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքը չեղարկելու Սահմանադրական խորհրդի որոշմանը։
Ֆրանսիայում արդեն արգելված է 11-15 տարեկան երեխաների՝ քոլեջներում, ինչպես նաև տարրական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը։
Մակրոնի գրասենյակից հայտնել են, որ նախագահը մտադիր չէ հրաժարվել երեխաների համար TikTok-ի և նմանատիպ հավելվածների հասանելիությունը սահմանափակելու նախաձեռնությունից։ Կառավարությունը կաշխատի օրենքի նոր նախագծի վրա։
Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ երկրներ են քայլեր ձեռնարկում երեխաների համար սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ, քանի որ մտահոգված են, որ դրանք վնասակար ազդեցություն կարող են ունենալ։