Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Նախիջևանից սերող և Թուրքիայում ծնված նախկին վարչապետին

Ֆրանսիան վերջին հրաժեշտն է տալիս նախկին վարչապետ Էդուար Բալադյուրին։1993-ից 1995 թվականներին երկրի կառավարությունը ղեկավարած Բալադյուրը կյանքից հեռացավ երկու օր առաջ՝ օգոստոսի 31-ին՝ 97 տարեկան հասակում։

Բալադյուրի մահվան լուրն առաջինը պաշտոնապես հրապարակեց Ֆրանսիայի գործող վարչապետ Սեբաստյան Լեկորնյուն՝ Х-ում արված գրառմամբ։

«Էդուար Բալադյուրի անունը սերտորեն կապված է Հինգերորդ Հանրապետության կեսդարյա պատմության հետ։ Նա մեր հասարակական կյանքի կարևոր դերակատարներից մեկն էր՝ բարեփոխական ոգու տեր պետական գործիչ, մարդ, որ կմնա որպես ուղեցույց իր քաղաքական ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների համար», - գրել է Ֆրանսիայի վարչապետը։

Հայկական ծագման մասին խոսակցությունները

Հայ հանրության համար, սակայն, ամենից հետաքրքրականը Էդուար Բալադյուրի հայկական ծագման մասին տասնամյակներ շարունակ ծավալվող խոսակցություններն են։

Մի շարք ֆրանսիական աղբյուրների պնդմամբ՝ Բալադյուրի՝ կաթոլիկություն ընդունած հայ նախնիները սերում էին Նախիջևանից, որտեղից էլ 18-րդ դարի վերջին տեղափոխվել էին Օսմանյան կայսրության արևմտյան շրջաններ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նախկին վարչապետի նախնիների իրական ազգանունը Բալադուրյան էր կամ Բալդրյան, որը հետագայում կրճատվել էր՝ դառնալով Բալադյուր։

Ինքը՝ Էդուար Բալադյուրը, ծնվել է 1929 թվականին թուրքական Զմյուռնիայում՝ ներկայիս Իզմիրում։ Ապագա վարչապետի հայրն այդ ժամանակ զբաղեցնում էր Օսմանյան բանկի տեղական մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Որդու ծնվելուց մի քանի տարի անց, սակայն, Բալադյուրները որոշում են հեռանալ Թուրքիայից՝ 1934-ին տեղափոխվելով Ֆրանսիա։ Նրանց առաջին կանգառը ֆրանսահայ համայնքի այդ տարիների գլխավոր կենտրոնն էր՝ Մարսելը։ Բայց չնայած իր հայկական ծագման մասին բազմաթիվ ուղղակի և անուղղակի վկայություններին՝ Էդուար Բալադյուրը քաղաքական գործունեության ողջ ընթացքում կամ խուսափում էր մեկնաբանել այդ լուրերը կամ էլ կտրականապես հերքում էր դրանք։

«Խնդրում եմ վերջ տալ», - Բալադյուրի ամենահայտնի այս արտահայտությունը վերաբերում էր ոչ միայն նրա հայկական ծագման մասին խոսակցություններին։

Կոշտ մոտեցումները

Ֆրանսիայի քաղաքական դաշտում Բալադյուրը հայտնի էր իր կոշտ մոտեցումներով և ոչ այնքան մեծ ժողովրդականություն վայելող որոշումներ կայացնելու հաստատակամությամբ։

Դա է թերևս պատճառը, որ Х-ում արված իր ցավակցական գրառման մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, թվարկելով նախկին վարչապետի որակները, հատուկ ընդգծել էր նրա պահանջկոտությունը։ 80-ականների կեսերին, Ժակ Շիրակի կառավարության կազմում զբաղեցնելով ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Բալադյուրը մի շարք վիճահարույց բարեփոխումներ նախաձեռնեց՝ ընդդիմանալով ձախերին և արհմիություններին։

Բալադյուրի նախաձեռնությամբ, մասնավորապես, սեփականաշնորհվեցին մի շարք առանցքային պետական ձեռնարկություններն ու բանկերը, իսկ հարկերը կտրուկ կրճատվեցին։

Մի քանի տարի անց 1993-ին, Բալադյուրն արդեն վարչապետի պաշտոնում շարունակում էր այս քաղաքականությունը՝ ընդդիմանալով սոցիալիստների գլխավոր նախաձեռնություններից մեկին՝ աշխատանքային շաբաթվա կտրուկ կրճատմանը։

«Լուծումը շատ պարզ է։ Ավելի քիչ ենք աշխատում, սակայն ստանում ենք նույնքան, որքան նախկինում, և այդ ամենի արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Կներեք, բայց սա այլ կերպ քան ֆրանսիացիներին ապուշի տեղ դնել ես չեմ կարող անվանել», - վարչապետի պաշտոնում հնչեցրած ելույթներից մեկում հայտարարել էր Բալադյուրը։

Կոռուպցիոն մեղադրանքներ

Վարչապետության ընթացքում Բալադյուրը, չնայած նախկինում իր մտերիմ ընկերոջը՝ Ժակ Շիրակին տված խոստմանը, որոշեց մասնակցել 1995-ի նախագահական ընտրություններին՝ հիմնական շեշտը դնելով երիտասարդության շրջանում ունեցած աջակցության վրա։

Չնայած բավական դինամիկ քարոզարշավին՝ Բալադյուրն այդ ընտրություններում պարտվեց՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ 1995-ի քարոզարշավն ընդմիշտ փչացրեց Շիրակի և Բալադյուրի հարաբերությունները, ինչպես նաև նախկին վարչապետի դեմ կոռուպցիոն մեղադրանքների պատճառ դարձավ։

1997-ին ֆրանսիական դատախազությունը պարզեց, որ Ֆրանսիայի կողմից Պակիստանին վաճառված սուզանավերի դիմաց ստացված գումարի մի մասն ուղղվել էր Բալադյուրի քարոզարշավի ֆինանսավորմանը։ Ինքը՝ նախկին վարչապետը, սակայն, այս մեղադրանքները հերքում էր մինչև կյանքի վերջը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG