Մատչելիության հղումներ

Ճանաչված ֆոտոլրագրողը Իրանում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իրանցի ֆոտոլրագրող Յալդա Մոայերին, արխիվ
Իրանցի ֆոտոլրագրող Յալդա Մոայերին, արխիվ

Իրանցի ճանաչված ֆոտոլրագրող Յալդա Մոայերին, որի կարիերայի մեծ մասը նվիրված է Իրանում բողոքի ակցիաների և կանանց կյանքի փաստագրմանը, 15 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Մոայերին մեղադրվում է իշխանությունների կողմից թշնամական համարվող լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ կապ ունեցող կազմակերպություններին լուսանկարներ տրամադրելու մեջ։

Reuters-ին տրամադրած հայտարարության մեջ Մոայերին ասել է, որ հունվարին Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկել են իր տունը և առգրավել հեռախոսը, համակարգիչն ու այլ էլեկտրոնային սարքեր։

Մոայերին նախկինում ևս բանտարկվել է իր լրագրողական աշխատանքի համար։ Նա երկու տարի անցկացրել է Գարչաքի բանտում, որը նախկինում ինքն էր լուսանկարել։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ այս տարի Իրանում 16 լրագրող է ձերբակալվել։


XS
SM
MD
LG