Մատչելիության հղումներ

ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը։ Միևնույն ժամանակ առանձին շախմատիստները կկարողանան շարունակել մասնակցել մրցումներին։

ՖԻԴԵ-ում հայտնել են, որ քննարկել են Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործով Սպորտային արբիտրաժային դատարանի որոշման կատարման հարցը և եզրակացրել, որ դատարանի որոշմամբ սահմանված պահանջները «սահմանված ժամկետում չեն կատարվել»։

Ընդունված բանաձևում, սակայն, չի նշվում, թե որքան ժամանակով է կասեցվել Ռուսաստանի անդամակցությունը։ Նշվում է, որ խորհուրդը որոշել է կիրառել «անդամակցության ժամանակավոր կասեցման սանկցիա»։

Միաժամանակ ՖԻԴԵ-ն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են բացառապես ֆեդերացիային, այլ ոչ թե առանձին շախմատիստներին։

Կազմակերպության տարածած հայտարարության համաձայն՝ ռուսաստանցի շախմատիստները, որոնք համապատասխանում են ՖԻԴԵ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջներին ու հանձնարարականներին, կկարողանան շարունակել մասնակցել միջազգային մրցաշարերին՝ ֆեդերացիայի սահմանած պայմաններով։

XS
SM
MD
LG