Մատչելիության հղումներ

Եվս երեք ամիս՝ բանտում. արդյոք դատավորի որոշման վրա ազդե՞ց երեկվա միջադեպը

Խորհրդարանական ընտրություններից հետո բանտում հայտնված ԲՀԿ առաջնորդը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ: Այսօր դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը, որում պնդել էին՝ ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը կխոչընդոտի քննությանը: Ընդդիմադիր գործիչը կալանքի տակ է արդեն 4 ամիս:

Փաստաբան Էմին Խաչատրյանը նիստից հետո պնդեց՝ որոշումն իրավաչափ չէ, կբողոքարկեն:

«Երեկ էլ տեսանք, թե ինչ ստանդարտ ձևակերպումներով դատախազները փորձեցին հիմնավորել իրենց միջնորդությունը, որ կալանքի ժամկետը ենթակա է միջնորդության: Չեմ կարծում, որ որոշումը կարող է լինել հիմնավորված, այդպես էր պետք, այդպես էլ եղավ», - ասաց փաստաբանը:

Երեկ մի քանի ժամ տևած նիստում դատախազներն իրենց հիմնավորումներում օրինակներ չէին բերել, թե ընդդիմադիր գործիչն ինչպե՞ս կարող է ազատության մեջ ազդել գործով անցնողների վրա:

Ծառուկյանի այս գործն առնչվում է հայ-իրանական բացված, ապա փակված առևտրի կենտրոնին:

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Ինքը՝ մեղադրյալի աթոռին հայտնված ընդդիմադիրը, դատարանում պնդում էր՝ իրանցիների հետ գործարքից ինքն է գումարներ կորցրել, բայց տուժողի փոխարեն մեղադրյալ են կարգել:

Այս գործով տուժող իրանցիների փաստաբան Լևոն Սահակյանը, սակայն, հակառակն էր պնդում. ավելին՝ դեմ էր, որ Ծառուկյանն ազատ արձակվի, և երբ իր խոսքում նրան անվանեց հանցագործության կազմակերպիչ՝ վկայակոչելով գործը, ԲՀԿ առաջնորդը զայրացավ:

Մինչ ԲՀԿ առաջնորդին կարգի հրավիրող դատավորը բացատրում էր, թե փաստաբանն իր գործն է անում, դատախազներն ընդգծեցին՝ հենց սա նաև նկատի ունեին, որ խոսում էին ազատության մեջ Ծառուկյանի վարքագծի մասին:

Հնարավո՞ր է նաև Ծառուկյանի երեկվա վարքագիծը որոշիչ եղավ դատավորի որոշման համար: «Եթե դատարանը պետք է այդ պատճառաբանությամբ երկարացրած լինի կալանքի ժամկետը, ես նման աբսուրդ ուղղակի չեմ պատկերացնում, որովհետև ըստ էության, պարոն Ծառուկյանի հայտարարությունները որևէ կապ չունեին գործի բնականոն ընթացքին խոչընդոտելու հետ: Դա էմոցիոնալ պոռթկում էր, դատախազներն էլ այլ պատճառաբանություններ՝ ողջամիտ, ծանրակշիռ չունենալու պարագայում որսացին այդ պահն ու փորձեցին օգտագործել ու այդ հանգամանքը դնել կալանքի երկարացման հիմքում», - ասաց Էմին Խաչատրյանը:

Ծառուկյանի դեմ քրեական հետապնդմանը զուգահեռ կապարակնքվեցին նրա ընտանիքին պատկանող բազմաթիվ բիզնեսներ: Չնայած առաջին ատյանի դատարանները որոշել են, որ այս ընկերությունները փակելն օրինական չէ, միևնույն է, դրանց դռները չեն բացվել, քանի որ դատախազությունն այդ որոշումները բողոքարկել է:

Ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ դրանք աշխատեն, իրավապահները չեն մեկնաբանում: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Քննչական, դեռ պատասխան չունենք: Ըստ փաստաբանի, Ծառուկյանի ընկերություններն արդեն միլիարդների վնասներ են կրել: Խաչատրյանը մեկ օրինակ բերեց՝ «Մուլտի տաբակում» մնացած մոտ 4 միլիարդ դրամի ապրանք էլ պիտանի չէ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG