Մատչելիության հղումներ

Եվրոպական տերությունները մեղադրում են Ռուսաստանին Իրանին օգնելու մեջ

Եվրոպական տերությունները մեղադրում են Ռուսաստանին Մերձավոր Արևելքի պատերազմում Իրանին օգնելու մեջ՝ ամերիկյան ուժերին հարվածելու հարցում: Այս հարցն այսօր կբարձրացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Ֆրանսիայում անցկացվող G7 արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։

Երկօրյա հանդիպմանը մասնակցում են G7 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։

Նախարարները նաև նախատեսում են քննարկել Պարսից ծոցի կարևոր ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի հարցը, որով իրականացվում է նավթի և գազի փոխադրումը, և որը Իրանը փաստացի փակել է՝ բարձրացնելով էներգակիրների գները և խաթարելով ֆինանսական շուկաները։

Արևմտյան անվտանգության երկու աղբյուր և Թեհրանին մոտ տարածաշրջանային պաշտոնյան Reuters-ին հայտնել են, որ Մոսկվան Թեհրանին տրամադրել է արբանյակային պատկերներ և նաև օգնել է Իրանին արդիականացնել իր անօդաչու թռչող սարքերը՝ դրանք համապատասխանեցնելով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կիրառվող տարբերակներին։

Լրատվամիջոցը գրում է նաև, որ Ռուսաստանը աջակցում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում, ինչպես որ Թեհրանն աջակցել է Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մեզ խորապես մտահոգում են Ռուսաստանի և Իրանի սերտացող կապերը», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվեթ Կուպերը՝ ընդգծելով՝ G7 երկրների ընդհանուր շահերից է բխում քննարկել այս հարցը։

Երեկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն էր հայտարարել, որ Ռուսաստանը «օգնում է Իրանին հետախուզական տվյալներով՝ ամերիկացիներին թիրախավորելու, նրանց սպանելու համար», ինչպես նաև աջակցում է Թեհրանին անօդաչու սարքերով, որպեսզի այն կարողանա հարվածներ հասցնել հարևան երկրներին և ԱՄՆ ռազմական բազաներին։

Երեկ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել էր բոլոր մեղադրանքերը։

«Մենք Իրանի համար ռազմական տեխնիկա ենք մատակարարել, սակայն չենք կարող ընդունել մեզ ուղղված մեղադրանքները, թե հետախուզական տվյալներ ենք փոխանցում Իրանին», - ասել է Լավրովը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելին, ԱՄՆ բազաներին և Պարսից ծոցի երկրներին, ինչպես նաև փակել է Մերձավոր Արևելքից վառելիքի արտահանումը Հորմուզի նեղուցով։


XS
SM
MD
LG