Հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուց հետո իշխանական վերնախավն այսօր վաղ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում էր: Նախքան բարձրաստիճանների ժամանելը զոհվածների հարազատներից ոմանք ամեն օրվա պես արդեն իրենց հարազատների շիրիմների մոտ էին, պարզապես այսօր առավոտ կանուխ էին հասել պանթեոն, որ թույլ չտան վարչապետ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին:
«Ես չեմ ընդունում էս օրը, մեր համար օր չկա, մեր համար ամեն օրն էլ սգո օր ա, մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ Եռաբլուրում, մեզ պետք չի, որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին, գանք այստեղ», - «Ազատությանը» ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը, - «Եկել էի, որ խոչընդոտեի, այսինքն՝ խոչընդոտել, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա»:
Վրդովված էին նաև օրվա ընտրությունից՝ ինչո՞ւ ՔՊ-ականները կանգ առան հունվարի 27-ի վրա: Զոհված զինծառայողի հայրը իշխանականների բացատրությունները ոչ մի կերպ չի հասկանում. - «Կոնկրետ օրը կար, կարային էդ օրը իրենք նշանակեին, այո, սեպտեմբերի 27-ը՝ խայտառակ օրը: Էդ օրը կարային նշանակեին, ոչ թե ինչ-որ ... Սա բերել են Բանակի օրվա կապակցությամբ մտցրել են, կոպիտ ասած, Բանակի օրվա քթի տակ որպես ի՞նչ. սգո օր, հետո Բանակի օր, այսինքն՝ էսօր իրանք կհիշատակեն որպես սգո օր, Բանակի օրը չեն հիշատակի՞, հա՞, որ մեր պարծանքն է՞ր, հա՞, բանակը»:
Օրվա ընտրությունը ոչինչ չասող և անընդունելի է համարում նաև 2020 թվականի արյունալի պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը. - «Դեմ եմ: Սեպտեմբերի 27 գոյություն ունի մեր համար, ինչի՞ սեպտեմբերի 27-ով ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով, չի թողո՞ւմ ադրբեջանցին»:
Մեկ շաբաթ էլ չկա, որ հունվարի 27-ը սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղերձում արդեն պնդեց՝ քաղաքացիները սկսել են այս օրն անվանել «երկնային բանակի օր»։
«Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ և մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում, և սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի», - ասված է ուղերձում:
Տիկին Ռուզանը, որի որդին նույնպես 44-օրյա պատերազմի զոհերից է, ամեն շաբաթ օր պարտադիր այցելում է Եռաբլուր, անցած շաբաթ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ, հետո լսել է հունվարի 27-ի մասին և որոշել է չսպասել ավանդական օրվան. - «Անցած շաբաթ օրը չեկա, էսօր մտածեցի, որ շատ ժամանակ է տևել, բացի դրանից՝ էսօր հայտնեցին, որ բոլոր նահատակների օրն է նշում մեր հայրենիքը, նշում է բոլոր հայ նահատակների օրը: Պետականորեն այս օրը համարում են բոլոր զոհված նահատակների օրը»:
Բանակի գնդերեց էր տիկին Ռուզանի որդին, ասում է՝ պատերազմի օրերին պտտվել է ամբողջ ռազմի դաշտում և աղոթել խաղաղության համար, որն այդպես էլ չտեսավ:
«Ինձ ասել են, որ Ամարասի մոտ է եղել վերջում պառկած՝ Ամարասի եկեղեցու մոտ: Նա չի սիրել պատերազմը, նա անչափ սիրել է խաղաղությունը և ասել է՝ «ես հոժարակամ գնացի, որ այնտեղ աղոթեմ խաղաղության համար», - պատմեց զոհված գնդերեցի մայրը:
Վարչապետն այսօրվա ուղերձում ընդգծել է, թե «մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն և ոչ թե կոտրող»։
«Այս հարցին տրվել է հստակ և աներկբա պատասխան․ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը բարձրանա։ Եվ, հետևաբար պետությունը՝ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը», - ասված է Փաշինյանի ուղերձում:
«Ազատության» հետ զրուցած 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները թե՛ տեսախցիկների առաջ, թե՛ առանց տեսախցիկների շեշտում էին՝ իրենց տղաները նաև հանուն Լեռնային Ղարաբաղի են զոհվել:
«Տղաները կռվեցին, իրանց կյանքը տվեցին, գիտեին ինչի համար են գնացել՝ ազգի, հողի, ջրի համար, ո՞վ վերցրեց հողերը տվեց, ո՞վ տվեց, բաժանեց հողերը թշնամուն, ու տղերքի արածը տվեցին ջրին, նույնը՝ 90-ականների տղերքինը», - ասաց զոհված զինծառայողի հայրը:
Վարչապետը Եռաբլուրում մնաց մոտ 15 րոպե , 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին չմոտեցավ, ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր Տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: