Իրանցի ճանապարհորդ զույգը թարմ սուրճ է հյուրասիրում Երևանի փողոցներում, ասում են.- «Մենք սիրում ենք ճանապարհորդել, սիրում ենք իրար, սիրում ենք սուրճ ու հեծանիվ»:
Զույգ հեծանիվ, փայտե տախտակ և շրջիկ սրճարանն անիվների վրա պատրաստ է: Այստեղ ո՛չ մենյու կա, ո՛չ գնացուցակ. «երազանքների տուփը» լցվում է միայն կամավորության սկզբունքով։
«Մեր ճամփորդական տարան է և «երազանքների տուփը»։ Եթե ուզում եք նվիրատվություն անել, կարող եք վճարել այնքան, որքան կամենաք՝ սուրճի համար կամ պարզապես լավ տրամադրության ու պատմությունների համար։ Իսկ եթե ոչ, կարող եք լինել մեր հյուրը։ Մենք սուրճ ենք հյուրասիրում, մենք սուրճ չենք վաճառում»,- ասում է իրանցի զույգը:
Չնչին բյուջեով տեսնել մեծ աշխարհը՝ լավ սուրճ հյուրասիրելով. Մոհամմադի առաջարկը Նասրինը միանգամից ընդունեց.
«Ես նրան ասացի՝ մի քիչ խենթ եմ, ուզում եմ հեծանիվով աշխարհով մեկ շրջել, թե ուզում ես, կարող ես միանալ, նա ինձ ասաց՝ ես էլ եմ քեզ նման խենթ, քեզ հետ կգամ։ Ահա և վերջ»,- պատմեց Մոհամմադը:
Առաջարկն ընդունեց, բայց այն իրագործելն ամենևին հեշտ չէր՝ ընտանեկան և կրոնական սահմանափակումների պատճառով։
Մոհամմադն «Ազատության» հետ զրույցում ասում է.- «Մեր մշակույթում շատ սահմանափակումներ կան կնոջ համար այսպիսի բան անելու... հեծանիվով ճամփորդելու համար։ Նա գյուղից է, ուստի նրա ընտանիքի համար ավելի դժվար էր դա ընդունելը։ Մենք պայքարեցինք դրա համար: Սկզբում նրա մայրիկն ասաց՝ ոչ մի դեպքում, դուք դա չեք կարող անել։ Հետո, երբ բացատրեցինք, որ դա վտանգավոր չէ, շատերն են անում, ստացվեց համոզել, որ մենք ուղղակի գնանք Թուրքիա, հետո վերադառնանք Իրան, բայց...»
Նասրինն էլ ասում է.- «Ես պայքարեցի և շատ երջանիկ եմ, որ հասա դրան: Սա մորս համար շատ բարդ հարց էր, ու նա արեց դա, շնորհակալ եմ նրան»:
Ատամնաբույժի օգնական Նասրինն ու ոսկերչից՝ մարզիչ ու բարիստա դարձած Մոհամմադը 6 ամիս առաջ են ճամփա ընկել՝ Իրանում թողնելով ամեն ինչ: Կտրել են Թուրքիան արևելքից արևմուտք, հետո հասել Վրաստան: Վրացական սահմանից էլ 8 օր հեծանվավարել մինչև Երևան. «Մեր վրանը մեզ համար յոթաստղանի հյուրանոց է։ Ճափորդությունը սկսել ենք գրպանում ընդամենը 500 դոլար ունենալով՝ 3 երկրի համար, դա հեշտ չէր, բայց այս ամենը փողի մասին չէ, այո՛, փողը կարող է ազդել քո կյանքի վրա, բայց եթե դու ուզում ես փորձառություն ունենալ, պետք է անես դա։ Ուղղակի արա՛, ու տե՛ս՝ ինչ կլինի»:
Ընդամենը 1 քմ տարածքում աշխատող, այս պահին 20 քմ վարձակալած բնակարանում ապրող զույգը մանրուքներում է երջանկություն գտնում։
Արդեն մեկուկես ամիս է՝ Երևանում են, Հայաստանում կմնան ևս մի ամիս, հետո կվերադառնան հայրենի Իրան՝ հարազատներին ու ընկերներին տեսնելու և նոր ճամփորդության քարտեզը գծելու համար։
«Կյանքը կարճ է, պետք է հասցնես վայելել, աչքդ թարթում ես՝ վերջ, այն ավարտված է»,- ասում է իրանցի ճամփորդող զույգը.
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.