12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ հոգի ձերբակալվել է, «Ազատությանը» հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Շուրջ երկու շաբաթ առաջ Օրգովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներ, բոլորը հինգից ութերորդ դասարանցիներ, ուղևորվել էին Կարին գյուղ կրթական էքսկուրսիայի։ Դասընկերների հետ էքսկուրսիայի մեկնելուց հետո 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել։
Ընտանիքի պատմելով՝ նույն օրը երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն, հետո՝ «Ուիգմոր»։ Այս ընթացքում նկատել են նաև, որ երեխան հիշողության խնդիր էլ ունի։ Երկու բուժկենտրոններում բազմաթիվ հետազոտություններ են արել, ոչինչ այդպես էլ չի հայտնաբերվել, իսկ երեխայի վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։
Օրեր անց են բժիշկները նարկոլոգիական հետազոտության առաջարկ արել ու 12-ամյա երեխայի մեզի մեջ հայտնաբերվել է K2 տեսակի սինթետիկ կանաբինոիդների խմբի թմրամիջոց: Ենթադրվում է, որ կրկնակի փորձաքննություն կարվի վերջնական ճշգրտելու թմրամիջոցի առկայությունը դեռահասի օրգանիզմում։