Երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անձը Խարկովի մարզի Կուտուզովկա ավանի մասնավոր տներից մեկում Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ առանձին մեխանիզացված բրիգադի հինգ զինվորականների է հրազենով սպանել: Այս մասին հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները, ավելի ուշ տեղեկությունը հաստատել են զինվորականները, Գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը:
«Նախնական տվյալներով, քաղաքացիական հագուստով տղամարդը՝ զինված ինքնաձիգով, մոտեցել է այն վայրին, որտեղ գտնվել է անձնակազմը, և սկսել է կրակել տան առաջին հարկում: Դրանից հետո նա լքել է շենքը և հեռացել անհայտ ուղղությամբ», - հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերը:
BBC-ի ուկրաինական ծառայությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Խարկովի մարզի տարածքում գերությունից փախուստի են դիմել երկու ռուսաստանցի զինվորականներ, նրանց որոնումները շարունակվում են:
Քննությունը ստուգում է տեղի ունեցածի մի քանի վարկած, մասնավորապես՝ թե արդյոք հարձակվողը կարող է առնչություն ունենալ Ռուսաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբին, հաղորդում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը:
Լրագրողները հաղորդում են ևս մեկ՝ հարևան գյուղում այլ ստորաբաժանման զինծառայողի վիրավորվելու մասին: