Եվրամիությունը 10-օրյա լարված բանակցություններից հետո ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն ամենաընդարձակն է՝ Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր։
Սև ցուցակում են բանկեր, կրիպտոարժույթով զբաղվող ընկերություններ, ստվերային նավատորմի ավելի քան 40 նավ, ինչպես նաև Ռուսաստանում և Բելառուսում գտնվող մի շարք նավթավերամշակման գործարաններ։
Բանակցությունները շաբաթներ շարունակ փակուղում էին, քանի որ Եվրահանձնաժողովը առաջարկում էր հաջորդ տարվանից արգելել ռուսական հեղուկ գազի վերաարտահանումը Եվրամիության նավահանգիստներով դեպի երրորդ երկրներ, ինչին դեմ էր Հունաստանը։
Տևական քննարկումներից հետո կողմերը պայմանավորվել են այս առաջարկի իրականացումը հետաձգել մեկ տարով։ Հունաստանը դրա դիմաց համաձայնել է ռուսական նավթային ոլորտի դեմ սահմանափակումներին։ Ըստ այդմ, ռուսական նավթի համար սահմանված գնային առավելագույն շեմը՝ մեկ բարելի համար 44 դոլար 10 ցենտը, ուժի մեջ կմնա ևս մեկ տարի։